Արդարադատության նախարարի տեղակալը հանդիպել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարի տեղակալը հանդիպել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ներկայացուցիչներին


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի հանդիպումների շարքը պետական կառույցների ներկայացուցիչների հետ շարունակվում է։ Այս անգամ կազմակերպության ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը

Քննարկվեցին եզդիական համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման օրենսդրական ուղիները։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի նախագահ Սաշիկ Սուլթանյանը կարևորեց ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը, անցումային արդարադատության իրականացումը ազգային փոքրամասնությունների խնդիրների համատեքստում և եզդիական համայնքում տարածված վաղ ամուսությունների խնդրի լուծման օրենսդրական մեխանիզմերի մշակումը։

«Առաջին հերթին՝ մեզ համար շատ կարևոր է ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքը, որն արդեն 3 տարի է քննարկվում է։ Երկրորդ հարցը, որը ևս կարևոր է, անցումային արդարադատությանն է վերաբերում։ Կան մի շարք իրավախախտումներ, որոնք ժամանակին կրել են համակարգային բնույթ, և մենք որպես կառույց՝ ակնկալիքներ ունենք՝ մեր ունեցած պատմությունները կարձանագրվեն որպես նախադեպեր՝ հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով։ Երրորդ կետը վաղ ամուսնությունների խնդրին է վերաբերում, որը ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի համար շատ կարևոր ու զգայուն թեմա է»․-նշեց Սուլթանյանը։

Նախարարի տեղակալը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշեց, որ վերոնշյալ հարցերն օրակարգային են  նախարարության համար։ «Ինչ-որ հարցեր ճյուղային օրենսդրություններով կարգավորված են։ Մենք ունենք մի քանի ընթացիկ օրենքներ, որոնք նույնպես վերաբերում են նշված հարցերին և շատ ուրախ կլինենք ձեր կողմից ստանալ առաջարկությունների փաթեթ, որը մեր աշխատանքն ավելի արդյունավետ ու թիրախային կդարձնի»։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանեց կազմակերպության ծրագրերի մասնակից երիտասարդների հարցերին։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram