Ազգային փոքրամասնություններից թեկնածուներ ներկայացրել են 4 կուսակցություն և 1 դաշինք

Ազգային փոքրամասնություններից թեկնածուներ ներկայացրել են 4 կուսակցություն և 1 դաշինք


Posted in Լուրեր

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց համապետական ցուցակի երկրորդ մասում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են առաջադրել 4 կուսակցություն և 1 դաշինք։

ԿԸՀ-ի հրապարակած ընտրական ցուցակներով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներից թեկնածուներ ունեն «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը։

ՔՊ-ի ազգային փոքրամասնությունների թեկնածուներն իշխող Իմ Քայլը դաշինքի գործող պատգամավորներն են․ եզդիական համայնքից ներկայացված է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովը, ասորական համայնքից՝ Արսեն Միխայլովը, քրդական համայնքից՝ Կնյազ Հասանովը։

Եզդիական համայնքից այլ ուժերում ևս կան թեկնածուներ։ Բարգավաճ Հայաստանից եզդիական համայնքից պատգամավորության թեկնածու է առաջադրվել  «Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահ, անկուսակցական Այսեր Իսայանը, «Ինքնիշխան Հայաստանից»՝ Աշոտ Շավեշյանը և «Հայաստան» դաշինքից՝ Թեմուր Ջնդոյանը։

Հիշեցնենք, որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններով ընտրական օրենսգրքում սահմանվեց նորմ, որով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց համամասական ցուցակների երկրորդ մասում կարող են ընդգրկել պատգամավորության թեկնածուներ վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից։

Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ազգային փոքրամասնության պատգամավորները ընտրվում են քվոտային համակարգով․Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը  հայեցողաբար կարող են թեկնածուներ ընդգրկել և ստացվում է այնպես, որ համայնքն ինքը չի ընտրում իր ներկայացուցչին։ Այս առումով, ըստ փորձագետների՝ ազգային փոքրամասնության պատգամավորներն ունենում են լեգիտիմության դեֆիցիտ, քանի որ ուղղակի չեն ընտրվում իրենց համայնքների կողմից։

Նշենք, որ քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների մասնակցության վերաբերյալ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների տարբեր զեկույցներում նշվում է, որ խորհրդարանում քվոտային համակարգով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընդգրկելը վատագույն տարբերակն է համայնքի արդյունավետ մասնակցությունն ապահովելու տեսանկյունից։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram