Լեզվի կոմիտեն չի զբաղվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրներով

Լեզվի կոմիտեն չի զբաղվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրներով


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

ՀՀ կողմից վավերացված  ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին Շրջանակային կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ ազգային փոքրամասնության պատկանող յուրաքանչյուր անձ ունի իր անունը, ազգանունը և հայրանունը փոքրամասնության լեզվով օգտագործելու, ինչպես նաև դրանց պաշտոնական ճանաչման իրավունք՝ տվյալ երկրի իրավական պահանջներին համապատասխան:

Պատմականորեն եզդիների ազգանունները համարժեք են եղել հայրանվան հետ։ Եզդիներն իրենց նույնականացնելու համար  օգտագործել են նաև իրենց տոհմի որևէ նախնու անուն կամ հենց տոհմի անունը իբրև ազգանուն են օգտագործել՝ վերջում ավելացնելով «î» տառը, օրինակ Մանթաջի, Ազիզի, Սիպկի, Չոխռաշի և այլն։

Հայաստան տեղափոխվելուց հետո տարբեր պատճառներով եզդիների ազգանուններին ավելացվեց «յան» հայկական ազգանուններին բնորոշ վերջավորությունը։

Վերջերս Հայաստանաբնակ եզդիներից մեկը ցանկություն էր հայտնել անցնելու  իր պատմական ազգանվանը  և ազգանվան փոփոխություն համար համապատասխան գործընթաց սկսելու համար ՔԿԱԳ-ի առաջարկով  քաղաքացին դիմել  էր Լեզվի կոմիտե՝ իր ազգանվան եզդիական ծագման հանգամանքը հավաստող համապատասխան տեղեկանք ստանալու համար։ Այս հարցով   համապատասխան դիմումով Լեզվի Կոմիտե էր դիմել նաև Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը։

Լեզվի կոմիտեի պատասխանում նշվում է, որ վերջինս չունի եզդիական ազգանունների ազգաբանական հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն։

Ըստ Լեզվի Կոմիտեի պատասխանի՝  վերջինս զբաղվում է միայն հայերենի լեզվական պարզաբանումների հետ կապված հարցերով։ Այնինչ նույն կոմիտեի կանոնադրությամբ որպես նպատակ ու խնդիր է ամրագրված ՀՀ տարածքում ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածության երաշխավորումը, իսկ ՀՀ Լեզվի մասին օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:

Նշենք, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին Օսլոյի առաջարկություններով՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն իրենց մայրենի լեզվով օգտագործել իրենց ազգային  անունները իրենց ավանդույթներին և լեզվի համակարգին համապատասխան։ Նրանց անունները պետք է պաշտոնապես ճանաչվեն և օգտագործվեն պետական մարմինների կողմից:

Հայաստանի կողմից վավերացված Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի 10-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ համապատասխան հարցում ստանալու դեպքում Կողմերը պարտավորվում են թույլ տալ ազգանունների ընդունումը կամ օգտագործումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով։

Ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար գործող Լեզվի կոմիտեն զբաղվում է միայն հայերեն լեզվի հարցերով և չի զբաղվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների  լեզվական խնդիրներով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram