Ջրի բացակայությունից մինչև ինքնամեկուսանալու անհնարինություն․ Ինչպե՞ս են պայքարում կորոնավիրուսի դեմ եզդիական գյուղերում

Ջրի բացակայությունից մինչև ինքնամեկուսանալու անհնարինություն․ Ինչպե՞ս են պայքարում կորոնավիրուսի դեմ եզդիական գյուղերում


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  վիրուսի դեմ պայքարի և վիրուսից պաշտպանվելու կանոնների պահպանման մասին Հայաստանի եզդիաբնակ գյուղերում տեղեկացվածության աստիճանը բավարար չէ․ կան բացթողումներ։  Համաճարակի պատճառով առաջանում են նաև սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներ բնակիչների համար։

Խիրատ Մեդիայի հետ զրույցում Ֆերիկ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը նշեց, որ գյուղի բնակիչների մեծ մասը հիմնականում տներից դուրս չեն գալիս։ «Միայն այն գյուղացիները, ովքեր ապրանք, հիմնականում՝ կանաչի են տանում շուկայում վաճառելու, լրացնում են հատուկ ձևաթուղթը և նոր դուրս գալիս գյուղից, սակայն շատերը կանաչին իրացնելու խնդիր են ունենում, քանի որ հիմա ապրանք չի արտահանվում, մարդիկ տանում դժվարությամբ՝ ինչ գնով ասես վաճառում գալիս են, շատերն էլ վիրուսից վարակվելու վախից չեն էլ տանում իրենց ապրանքը վաճառելու»․– նշում է Հասանյանը։

Ֆերիկի համայնքապետ Ռուստամ Հասանյանը

Ըստ գյուղապետի՝ գյուղում բացատրական աշխատանք է տարվել, որ փորձեն պահպանեն վիրուսի դեմ պայքարելու կանոնները, օրվա մեջ հաճախակի լվանան ձեռքերը օճառով կամ ախտահանիչ միջոցներով, շփումները մինիմալի հասցնեն, խմբերով չհավաքվեն և փորձեն հեռավորություն պահել, իսկ գյուղից դուրս, հիմնականում՝ շուկա ապրանք տանողներին հորդորել են դիմակներ և ձեռնոցներ կրել։ Գյուղատնտեսկան աշխատանքների կատարմանը վիրուսը ամեն դեպքում չի խանգարում և գյուղացիները իրենց առօրյա հողագործական աշխատանքներն անում են։ Ֆերիկցիները սակայն անհանգստացած են՝ կապված հարևան՝ Հայթաղ համայնքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի հետ և գյուղացիները հնարավորինս քիչ են ելումուտ ունենում դեպի հարևան գյուղ։

Թլիկ եզդիաբնակ գյուղում մարդիկ զբաղվում են իրենց առօրյա հիմնական աշխատանքով՝ անասնապահությամբ կամ հողագործությամբ,  միայն առևտուր անելու համար են դուրս գալիս հարևան համայնքներ, քանի որ գյուղում մթերային խանութ չկա։

«Դե մերը փոքր գյուղ է, ինչ-որ այդպիսի տեղ էլ չկա, որ մարդիկ շատով հավաքվեն, միայն գյուղապետարանն է, այնտեղ էլ ախտահանում ենք կատարում, գյուղից դուրս գնացողներին էլ խնդրել եմ, որ անպայման դիմակներով լինեն»․-նշում է  համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանը:

Թլիկի համայնքապետ Սլավիկ Սալոյանը

Թլիկում  խմելու ջուր չկա, գյուղացիները այն գնում են, իսկ լվացքի նպատակով օգտագործում են գյուղի հարևանությամբ գտնվող ձորակով անցնող  ջուրը։ «Գյուղի հարևանությամբ ձորակ կա, Արփաջան գետն է, հիմա, եթե չեմ սխալվում, անունը փոխել են՝ Ախուրյան են ասում, այդտեղից ենք ջուր վերցնում, դա ոռոգման ջուր է, մաքուր ջուր չի, բայց լվացքի համար, լողանալու համար մենք ստիպված ենք դա օգտագործել, քանի որ խմելու մաքուր ջուրը թանկ է ու չենք կարող  այն այդ քանակությամբ լվացքի կամ լողանալու համար գնել»․- նշում է Թլիկի բնակիչ Ալիկ Մստոյանը։

Ալիկ Մստոյանը

Դժվար է պատկերացնել, թե այդ որակի ջուրն օգտագործելով՝ ինչպես կարող են բնակիչները պահպանել կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները։

Բարոժ (Արևուտ) եզդիաբնակ համայնքում գյուղացիները շարունակում են իրենց բնականոն աշխատանքները։ Համայնքի ղեկավար Ֆայզո Ամոյանի խոսքով՝ թեև մարդիկ զգուշանում են վիրուսից, բայց դա չի խանգարում նրանց զբաղվել իրենց աշխատանքով։

«Դե մեզ մոտ հիմնականում մարդիկ անասնապահությամբ են զբաղվում, չեն կարող գյուղացիները դադարեցնեն իրենց աշխատանքը ու նստեն տներում միշտ։ Եթե անասուններին հանդ տանելու ժամանակը եկավ կամ վար ու ցանքի պահը եկավ, գյուղացին պետք է իր գործը անի ու վիրուսի պատճառով չի կարող անընդհատ տանը փակվել, բայց բնակիչները որքանով կարողանում են՝ պահում են կաննոնները, ախտահանման կարգը, լվացվելը․․․ հավաքույթներ չեն լինում գյուղում»․- նշում է համայնքապետը։

Բարոժի համայնքապետ Ֆայզո Ամոյանը

 

Բարոժում գյուղացիները գլխավորապես զբաղվում են անասնապահությամբ։ Կորոնավիրուսով պայմանավորված հիմա դժվարացել է մսի և անասունի վաճառքը։ Համայնքի ղեկավարը նշում է, որ «մարդիկ չեն կարողանում իրացնեն իրենց ապրանքը, ամբողջը մնում է, շատերը կան, որ պետք է վաճառեին անասունը, որ այդ գումարով ցանք անեին կամ անասնակեր գնեին, բայց մնում է այդպես»։ Ամոյանը ասաց նաև, որ գյուղացիները լավ տեղեկացված չեն կորոնավիրուսի հետևանքները մեղմացնելուն ուղղված պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության փաթեթների մասին և թե ինչ կարգով կարող են օգտվեն այդ օգնություններից։

 

Եզդիաբնակ Հակո գյուղում ևս մթերային խանութ չկա և բնակիչները առևտուր անելու համար հարևան համայնքներ են գնում, բայց փորձում են հնարավորինս պաշտպանվել կորոնավիրուսից՝ դիմակներ են կրում գյուղից դուրս գալիս։ «Դե մենք գյուղացիներ ենք, չենք կարող սպասել վիրուսը վերանա՝ նոր մեր վարուցանքը անենք, կամ անասուններին հանդ տանենք, չեն կարող գյուղացիները չանեն իրենց աշխատանքը»․- նշում է Հակոյի համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։

Հակոյում 14 ընտանիք է ապրում, բնակիչների թիվը քիչ է, բայց կան անչափահաս երեխաներ ունեցողներ։ Համայնքապետը նշեց, որ կորոնավիրուսի հետևանքները մեղմացնող կառավարության սոցիալական աջակցության փաթեթեներից օգտվելու են համապատասխան ընտանիքները։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram