Եզդիները նշում են Չարշամա Սարսալե տոնը

Եզդիները նշում են Չարշամա Սարսալե տոնը


Posted in Լուրեր, Մշակույթ

Եզդիները նշում են «Չարշամա Սարե Սալե» (տարեսկզբի չորեքշաբթի) տոնը։ Տոնը նշվում է ամեն տարի ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը։ Ըստ եզդիական հավատալիքների՝ այդ օրը հանդիսանում է աշխարհի ստեղծման և Նոր Տարվա սկիզբը։

Տոնը հայտնի է նաև այլ անուններով՝ «Չարշամա Սոր» ինչը թարգմանաբար նշանակում է կարմիր չորեքշաբթի, Աիդա Մալաքե Թաուս, Աիդա Սարե Սալե և այլ անուններով։

Ըստ եզդիական հավատքի՝ այդ օրը համարվում է աշխարհաստեղծման օրը, երբ Աստված ավարտում է Աշխարհի ստեղծումը և գլխավոր հրեշտակապետ Մալաքե Թաուսը իջնում է երկրի վրա՝ եզդիներին փոխանցելով Աստծո պատգամները։

Այս պատճառով էլ չորեքշաբթի օրը սուրբ օր է համարվում եզդիների համար և այդ օրը ըստ ավանդույթի՝ եզդիները չեն աշխատում։

Չորեքշաբթի օրն առավոտյան երիտասարդ եզդի աղջիկները գնում են՝ դաշտերից ծաղիկներ են հավաքում և զարդարում դռներն ու պատուհանները, քանի որ այս տոնը խորհրդանշում է նաև գարնան գալուստը և բնության ծաղկունքը։ Եզդիները նաև տարբեր գույներով հավկիթներ են ներկում, ինչը ևս գարնան գալուստի և բնության ծաղկման խորհուրդն ունի։

Տոնին նախորդող երեքշաբթի օրը երեկոյան տանտիրուհին մեծ գաթա՝ կլոճ է թխում, որի մեջ ուլունք է դրվում։ Չորեքշաբթի առավոտյան  կլոճը ընտանիքի անդամների միջև բաժանում են մասերի  և ըստ եզդիական հավատալքների՝ ում ուլունքը բաժին ընկավ՝  նրան մեծ հաջողություններ են սպասովում։

Երեքշաբթի երեկոյան եզդիները հաճախում են նաև իրենց սրբավայրերը և մասնակցում տոնական ծիսակատարության՝ ճրագներ են վառում, ինչը խորհրդանշում է եզդիական հավատքի գլխավոր սիմվոլներից մեկի՝ Արևի լույսը։ Այդպիսով եզդիները լուսավորում են Նոր Տարվա և գարնան գալուստը։

Ըստ եզդիների՝  այս տոնը ոչ միայն իրենցն է, այլև ողջ մարդկությանը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram