ՄԻԵԿ-ի հայտարարությունը ազգային փոքրամասնություններին վերաբերող օրինագծի մասին

ՄԻԵԿ-ի հայտարարությունը ազգային փոքրամասնություններին վերաբերող օրինագծի մասին


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

ՀՀ ԱԺ այս քառօրյայում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակն առաջարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով, որի համաձայն ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար ոչ ավելի, քան տարեկան չորս օր չվճարվող արձակուրդի իրավունք կունենան:

Կարևորելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ստեղծման նպատակով պատգամավորների նախաձեռնողականությունը, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» միևնույն ժամանակ գտնում է, որ դրանք չպիտի լինեն հապճեպ և պատշաճ կերպով պետք է քննարկվեն Ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների և շահագրգիռ մյուս կողմերի հետ՝ ստեղծվող մեխանիզմների արդյունավետության ապահովման, ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների դրույթների հետ համապատասխանության ստուգման և համայնքների առաջ պատգամավորների հաշվետվողականության ապահովման նպատակով:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները` «ՄԻԵԿ»-ը կարծում է, որ նախագծում առկա կարգավորումները ոչ միայն չեն լուծում խնդրո առարկա հարցերը, այլև կրում են խիստ դեկլարատիվ բնույթ և ընդամենը տպավորություն են ստեղծում խնդրի լուծման մասին:

1. Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորմամբ ազգային փոքրամասնության պատկանող անձինք նախատեսված արձակուրդի գնալու համար գործատուի պահանջով պետք է գրավոր հիմնավորում ներկայացնեն։ Նախագծի այս իրավանորմի կարգավորումը որոշակի և հստակ չի։ Այն կարող է տարակարծությունների տեղիք տալ, քանի որ իրավանորմի բովանդակությունից հասկանալի չէ, թե գործաատուն ի՞նչ գրավոր փաստաթուղթ կարող է պահանջել աշխատողից արձակուրդ տրամադրելու համար, և աշխատողը կոնկրետ ի՞նչ հիմնավորում կամ փաստաթուղթ պիտի ներկայացնի։ Այլ կերպ ասած՝ հասկանալի չէ, թե գրավոր հիմնավորման տակ ինչ կարելի է հասկանալ։ Այս առումով կարգավորման մեջ հստակության, որոշակիության բացակայությունը կարող է տարակարծիք մեկնաբանումների տեղիք տալ և հանգեցնել աշխատողի իրավիճակի վատթարացմանը՝ առաջացնելով ընդհուպ խտրականության հիմքով իրավախախտումներ, որոնք հնարավոր չէ վերահսկել կամ արձանագրել: Իրավունքի ոսկե կանոններից մեկը իրավական նորմերի և նրանցով սահմանվող կարգավորման որոշակիության ապահովումն է։ Իրավական համակարգը սկզբունքորեն պետք է բացառի իրավակարգավորման այնպիսի երևույթ, ինչպիսին է թերի ու տարակարծությունների տեղիք տվող իրավական ակտերի ընդունումը:

2. Համաձայն ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից հրապարակված Լյուբլյանայի առաջարկությունների ՝ պետք է հարգվեն ազգային փոքրամասնությունների համար իմաստ և կարևորություն ունեցող բոլոր դրսևորումները՝ փողոցների անուններ, դրոշներ, վայրեր, տոներ և հիշատակի օրեր: Ընդ որում ինքնության հետ կապված այս էլեմենտների պաշտպանության նպատակով ստեղծվող իրավակարգավորումները պիտի ստեղծվեն որպես միասնական համակարգ և անհրաժեշտության դեպքում միայն ազգային փոքրամասնությունների համար՝ նշված էլեմենտների միասնական պաշտպանության երաշխավորման համար, քանի որ դրանք միայն միասին են արտահայտում ազգային փոքրամասնության ներկայացուցչի ինքնությունը:

3. Նախագծում նշվում է, որ քաղաքացին կարող է ընտրել միայն չորս տոն և գործատուին դիմել այդ տոներին աշխատանքի չգնալու դիմումով, մինչդեռ եզդիական համայնքը, օրինակ՝ ունի կրոնական 6 և ավելի տոն և բարոյական տեսակետից նպատակահարմար չէ քաղաքացուն դնել երկընտրանքի առաջ, որպեսզի վերջինս ընտրի, թե իր ինքնության հետ կապված, որ տոնն է հատկապես կարևոր

4. Շուրջ երկու տարի է, ինչ ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառում է «Ազգային Փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը: Չնայած նախագծի բացերին, նման օրենք ունենալը միակ ճանապարհն է ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար և առանձին, իրավիճակի վրա ազդեցություն չունեցող և դեկլարատիվ բնույթի նախագծերը պետական համակարգում մնացած, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին դեմ խութերի արդյունք են, որոնք փորձ են անում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության իմիտացիա ստեղծելով ապագայում խոչընդոտել նման օրենքի ընդունումը։

Ելնելով վերոգրյալից «ՄԻԵԿ»-ն առաջարկում է՝

  • Ազգային փոքրամասնության պատգամավորներ-համայնք կապի խզումը վերացնելու նպատակով օրենսդրական նախագիծը հանել շրջանառությունից և այն քննարկել արտակարգ դրության ավարտից հետո՝ ապահովելով ազգային փոքրամասնությունների հետ դրանց քննարկումը, հաշվի առնելով, որ նախագիծը չունի հրատապություն
  •  Ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական նախագծերի ստեղծմանը, որոնք արդյունավետ կերպով ներառում են ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը, հարգում են վերջինիս ինքնության հետ կապված կրոնական զգացմունքներն ու հիմնված են միջազգային հաջողված փորձի վրա:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram