Մեր նպատակն է եզդի կանանց և աղջկների իրավունքների խթանումը․ Իսաբել Բրոյան

Մեր նպատակն է եզդի կանանց և աղջկների իրավունքների խթանումը․ Իսաբել Բրոյան


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» կանանց և աղջիկների կրթության ոլորտում կատարած աշխատանքի համար նոմինացվել է Յունեսկոյի մրցանակի։ Այս առիթով Խիրատ Մեդիան զրուցել է իրավապաշտպան, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի կանանց, երեխաների և կրթական ծրագրերի համակարգող Իսաբել Բրոյանի հետ։

 

Իսաբել, նախ շնորհավորում ենք ձեզ Յունեսկոյի մրցանակին նոմինացվելու համար։ Մի փոքր կմանրամասնեք, թե սա ի՞նչ մրցանակ է։ Ինչպես ընդունեցիք այս լուրը և ի՞նչ է այն ձեզ համար նշանակում։

Շնորհակալ եմ։ Այս մրցանակը շնորհվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք պաշտպանում և խթանում են կանանց իրավունքները: Հենց սկզբից մեր կազմակերպության գլխավոր նպատակներից է եղել եզդի կանանց ու աղջիկների իրավունքների խթանումը, որովհետև հենց նրանք են գտնվում առավել խոցելի վիճակում։ Իհարկե, շատերը ինձ կհակադարձեն, բայց նույնիսկ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը, անընդհատ պնդում են, որ առաջին հերթին հենց ազգային փոքրամասնությունների կանանց իրավունքներն են խախտվում։ Իհարկե, շատ ողջունելի ու պարտավորեցնող է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այլ կազմակերպությունների հետ մեկտեղ առաջադրել է նաև մեր կազմակերպության թեկնածությունը։ Դա վկայում է, որ նրանք ևս անտարբեր չեն այն ամենի նկատամամբ, ինչ կատարվում է եզդի աղջիկների հետ։ Դա խոսում է նախարարության՝ (և ոչ միայն ԱՍՀՆ-ի)  այս ուղղությամբ աշխատանք տանելու պատրաստակամության մասին։

 

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ոլորտում գործող համայնքային կազմակերպությունները ի՞նչ աշխատանք են տանում այս ուղղությամբ։

Անկեղծ ասած՝ ես տեսնում եմ, որ մեղադրանքները  միշտ ուղղվում են համայնքին, թե իբր միայն համայնքն է մեղավոր, որ խախտում է իր կանանց իրավունքները, և որևէ մեկը չի մատնանշում, որ եզդի կանանց պաշտպանությունը դա առաջին հերթին պետության պարտավորությունն է։ Այդ մարդիկ եզդիական համայնքը միշտ պատկերացրել են իբրև մի «հրեշի», որը «խժռում է» իր կանանց, սակայն որևէ մեկը իրեն հարց տվել է, թե ինչու՞ է պետությունը թուլ տալիս, որ խախտվեն կանանց իրավունքները։ Արդյունքում՝ մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ որոշ պաշտոնատար անձինք ևս հավատում են, որ համայնքն է մեղավոր ամեն ինչում, բայց, իհարկե, կան նաև անձինք, ովքեր պատրաստ են ըմբռնելու այս խնդիրների խորքային պատճառները, և մենք նրանց հետ հաճույքով համագործակցում ենք։

 

Մի փոքր կմանրամասնե՞ք ձեր գործունեության մասին։ Ինչո՞վ է զբաղվում Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը և ի՞նչ ծրագրեր եք իրականացրել։

Մենք զբաղվում ենք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ և ամեն ինչ դիտարկում ենք մարդու իրավունքների համատեքստում։ Մարդու իրավունքների համակարգում ազգային փոքրամասնությունների իրավունքները հատուկ տեղ են զբաղեցնում և դրանք պետք է հատուկ պաշտպանության ներքո գտնվեն։ Մարդու իրավունքների մասին գիտելիքները օգնեցին մեզ հասկանալու, թե ինչպես է պետք պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավունքները և թե որն է պետության դերը այս պրոցեսում։ Մենք մշտապես մատնանշում ենք այն միջազգային կոնվենցիաները, որոնք Հայաստանը վավերացրել է, և դա հենց այնպես, ուղղակի կամ ինքնանպատակ չենք անում։ Այդ կոնվենցիաները ոչ թե զուտ փաստաթղթեր են, այլ ուղղակիորեն պարտավորեցնում են պետություններին իրականացնել ազգային փոքրամասնությունների իրավունքների արդյունավետ պաշտպանություն։ Ես ինչու՞ եմ նշում հենց արդյունավետ պաշտպանություն, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ կան երկրներ, որոնք կարող են  «արտոնություններ» տալ ազգային փոքրամասնություններին՝ ցույց տալու համար, որ պաշտպանում են ազգային փոքրամասնությունների իրավունքները, բայց իրականում այդ, այսպես ասած, «արտոնությունները» չեն փոխում ընդհանուր իրավիճակը: Միջազգային պրակտիկան օգնում է մեզ հասկանալ, թե օրինակ՝ ի՞նչ պետք է անել, որ ազգային փոքրամասնությունները չկորցնեն իրենց ազգային ինքնությունը և կարողանան զարգացնել իրենց մշակույթը, և որ վերջիններս չպետք է վախենան բարձրաձայնել իրենց խնդիրենը։ Մենք փորձում ենք պետության հետ կառուցողական քննարկման միջոցով վեր հանել այդ խնդիրները, մատնանշել դրանք և միասին գտնել լուծման ճանապարհները։  Օրինակ՝ մենք աշխատեցինք եզդի երիտասարդների հետ և նրանց համար դասընթացներ անցկացրեցինք մարդու իրավունքների թեմայով։ Մինչ մեր դասընթացները նրանք ոչինչ չգիտեին իրենց մշակույթի մասին, որովհետև դպրոցներում նրանք չեն անցնում իրենց մշակույթը, իսկ ահա դասընթացներից հետո նրանք ոգևորված մեզ պատմում  էին, որ սկսել են իրենց ընկերներին պատմել իրենց մշակույթի մասին։ Հիմա մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դպրոցներում դասավանդվի նաև ազգային փոքրամասնությունների մշակույթը։ Բայց վերադառնանք եզդի երիտասարդների հետ մեր անցկացրած ծրագրին․ ինձ հաճելի էր նկատել, որ երեխաներն արդեն մտահոգվում էին և մտածում այն ուղղությամբ, թե ինչու իրենք դպրոցում չեն սովորում իրենց լեզուն և մշակույթը և այս հարցով պատրաստ էին զրուցել իրենց դպրոցի տնօրենի հետ։ Ամենակարևորը՝ որ նրանք բոլորը վստահ էին, որ եզդիները չպետք է  15-16 տարեկանում ամուսնանան, որ պետք է շարունակեն կրթությունը և կայանան կյանքում։

 

Եզդիական համայնքում ամենսուր խնդիրներից է աղջիկների և կանանց կրթության խնդիրը։ Մի փոքր պատմեք այս ոլորտում ձեր անցկացրած հետազոտությունների մասին։ Դրանք ի՞նչ ցույց տվեցին։

Այս մասին, իհարկե, կարելի է օրերով խոսել։ Գիտեք՝ ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիները կարող են ամուսնանալ 16 տարեկանում։ Ես հիմա հարց եմ տալիս՝ իսկ ինչու՞ է կարելի ընտրության մասնակցել և քվեարկել միայն 18 տարեկանից։ Եթե պետությունը համոզված է, որ 16-ամյա քաղաքացին կարող է ամուսնանալ և ապրել հասուն կյանքով, ապա ինչու՞ այդ տարիքում չի կարող քվեարկել։ Իմ աշխատանքի այս ժամանակահատվածում ես հասկացա, որ մենք պետության հետ չենք ունեցել բավարար որակի հաղորդակցություն։ Ես վստահ եմ, որ պետությունը ևս հասկանում է, որ վաղ ամուսնությունը այդքան էլ լավ բան չի, բայց ինչու՞ չեն փոխում օրենսդրությունը։ Միգուցե ինչ-որ բանից վախենու՞մ են։  Օրինակ՝ վախենում են գուցե, որ համայնքի որոշ ներկայացուցիչներ կբողոքե՞ն։ Դա իհարկե համայնքի միայն 0.01%-ն է լինելու, բայց ամեն դեպքում։ Այս պատճառով էլ պետք է երկխոսություն ունենալ պետության հետ՝ մատնանշելու այս քաղաքականության խնդիրներն ու հետևանքները և գտնել լուծումներ։ Հիշում եմ ՝ մի անգամ պաշտոնյաների հետ հանդիպմանը ես ասացի, որ եզդի աղջիկները չեն ավարտում դպրոցը, և դա կրթության մասին օրենքի խախտում է, որը պարտավորեցնում է բոլորին ավարտել 12-րդ դասարանը։ Նրանք ի պատասխան  ասացին, որ իսկապես չգիտեն մանրամասները այդ դեպքերի մասին։

Ինչ վերաբերում է վաղ ամուսնություններին, ապա բոլոր միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, սահմանում են, որ քաղաքացին մինչև 18 տարեկան դառնալը պետության կողմից պիտի համարվի երեխա։ Բայց իմ անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ ծնողներն իրենց երեխաներին շատ վաղ տարիքից են ամուսնացնում, որովհետև վախենում են, որ նրանց կփախցնեն։ Աղջիկները չեն հաճախում դպրոց, որովհետև որոշ տնօրեններ չեն կարողանում ապահովել նրանց անվտանգությունը դպրոցում։ Հաճախ նրանք ծնողներին համոզում են՝ դիմում գրել այն մասին, թե իբր մեկնում են երկրից, ծնողները ստորագրում են, և տնօրենը տալիս է երեխայի փաստաթղթերը։ Ի՞նչ է ստացվում արդյունքում՝ երեխան ամուսնանում է 16 տարեկանում և չի ավարտում դպրոցը, իսկ տնօրենը մասնակից է դառնում այդ պրոցեսին՝ տալով փաստաթուղթ այն մասին, թե իբր ծնողները մեկնում են երկրից։ Եվ չգիտես ինչու բոլոր տնօրենների մոտ արմատացած է այն կարծրատիպը, թե եզդիները կրթություն չեն ստանում և վաղ ամուսնությունն իրենց ավանդույթն է, այդ պատճառով նրանք չեն ունենում մոտիվացիա որևէ կերպ օգնելու երեխաներին։ Մենք կարող ենք եզրակացնել, որ հաշվի չի առնվում «երեխայի լավագույն շահի» ընդանուր սկզբունքը, և երեխաները, դեպքերի մեծ մասում՝ աղջիկները, տուժում են։

Ես առիթ ունեցա ուսումնասիրելու խորհրդային Ռյա Թազա թերթի արխիվային նյութերը և այնտեղ գրված էր երևանյան դպրոցներից մեկի տնօրենի փորձի մասին։ Այդ տնօրենի անունն է ՝ Սարգիս Մուրադյան, ով իմանալով որ եզդիները չեն հաճախում դպրոց, որոշեց կապ հաստատել ծնողների հետ։ Նրա խոսքով՝ ինքը ոչ միայն գնում  էր տներով, այլ աշխատանքից հետո էլ մնում էր դպրոցում, որպեսզի պատասխանի ծնողների հարցերին։ Սարգիս Մուրադյանը բացատրում էր նրանց, որ երեխաները պարտավոր են ավարտել դպրոցը ոչ միայն այն պատճառով, որ օրենքով  այն պարտադիր է, այլ առհասարակ քանի որ կրթությունը հարթում  է լավագույնին ձգտելու և հասնելու ճանապարհը։ Նա այնքան մտերմացավ եզդիների հետ, որ վերջիններս նրան հրավիրում էին իրենց հարսանիքներին։  Նրա այսպիսի մոտեցումը հանգեցրեց նրան, որ եզդիները սկսեցին հաճախել դպրոց և դարձան լավագույն աշակերտներն իրենց դասարաններում։ Սա շատ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես տնօրենի բարի կամքը իր շրջանի եզդի երեխաներին օգնեց ստանալ կրթություն։ Դա նաև ցույց է տալիս, որ տնօրենի շնորհիվ համայնք-պետություն հարաբերությունները ամրապնդվեցին։ Ես դա նկատի ունեի, երբ ասացի, որ պետությունը համայնքի հետ շատ լավ չի աշխատում, չի բացատրում, թե 16 տարեկանում ծննդաբերելը ինչքան վտանգավոր է աղջկա առողջության համար և այլն:

 

Ի՞նչ ունենք այսօր այս ուղղությամբ և որո՞նք են  գլխավոր խնդիրները եզդիական համայքնում՝ կապված կանանց և աղջիկների կրթության հետ։

Աղջիկները չեն ավարտում դպրոցը։ Դուք միայն տեսեք, թե 40 հազարանոց եզդիական համայնքից ընդամենը քանիսն են ամեն տարի շարունակում կրթությունը ԲՈՒՀ-երում։ Ուղղակի սարսափլի վատ թվեր են։ Կրթությունը մարդու կյանքում ամենակարևոր իրավունքն է։ Եթե չկա կրթություն, ապա մնացյալ իրավունքները չեն կարող իրացվել։ Մենք ստանում ենք եզդի կանանց ու աղջիկների իրավունքների խախտման մի լայն շրջանակ՝ մանկության իրավունք (վաղ ամուսնություն), կրթության իրավունք։  Այս իրավախախտումների  արդյունքում եզդիները չեն ուսումնասիրում իրենց մշակույթը և կորցնում են իրենց ինքնությունը, ևս մեկ իրավախախտում և ամենակարևորը` նրանք չեն մասնակցում երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Պատկերացրեք, որ ձեր ճակատագիրը որոշվում է այն մարդկանց կողմից, ովքեր ոչինչ չեն հասկանում ձեր խնդիրներից և դուք այդ որոշումների կայացմանը  չեք մասնակցում: Այստեղից էլ ի հայտ է գալիս աղքատությունը, ինչպես նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցության բացակայությունը։ Օրինակ՝ դուք գիտեի՞ք, որ խորհրդային տարիներին շատ եզդի աղջիկներ համալսարան էին ավարտում և դա նորմալ էր։ Այսինքն՝ այդ ժամանակ որևէ մեկը չէր ասում, որ կրթություն չստանալը և վաղ ամուսնությունը դա եզդիների ավանդույթն է։ Ի դեպ՝ Ռյա Թազայի արխիվային նյութերում ես ինձ համար զարմանալի մի հոդված գտա։ Այդ հոդվածում կար հիշատակում, որ եզդի կանայք պատրաստվում են Ալագյազում  կանանց ակումբ բացել, որի աշխատանքներին կարող են մասնակցություն ունենալ մասնագիտություն ստացած եզդի կանայք և այդպիսով մասնակից լինել երկրի հասարակական-քաղաքական կյանքին։ Ճիշտ է՝ ես ժամանակի սղության պատճառով չպարզեցի, թե արդյոք ակումբն իրոք բացվել է, թե ոչ, բայց ինքնին այն իրողությունը, որ եզդի կանայք բարձրացրել են որոշումների կայացմանը իրենց մասնակցության և ազդեցություն ունենալու կարևորությունը, շատ հետաքրքրական է։

 

Այդ խնդիրների լուծման համար ի՞նչ պետք է անի պետությունը և ի՞նչ է կախված համայնքից։

Սկզբի համար ես կարծում եմ, որ մենք պետք է կառուցողական երկխոսություն ունենանք պետության հետ: Մենք համատեղ պետք է սկսենք աշխատել համայնքի հետ, բացատրել, որ կրթությունը որևէ կերպ չի ազդի ամուսնության հարցի և ինքնության վրա: Պետությունը պետք է ապահովի, որ աղջիկներն ավարտեն դպրոցը, և տնօրեններն ու ծնողները չխախտեն  երեխաների իրավունքները: Իդելական կլիներ, եթե Սարգիս Մուրադյանի պես անձինք շատ լինեին։ Մենք նաև պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի կանայք նաև մասնակցեն երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքի պրոցեսներին։

 

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, մասնավորապես՝ հենց կանանց և աղջիկների խնդիրների մասով։

Մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքը երիտասարդների հետ, մասնավորապես՝ աղջիկների հետ և  օրինակ՝ սովորեցնել նրանց մեդիա ոլորտի հմտություններ, ինչը կօգնի նրանց ինքնաարտահայտվել։ Միասին մենք մտադիր ենք նկարահանել մի քանի հոլովակներ և դրանք տեղադրել մեր մեդիա հարթակում։ Մեր նպատակն է հանրության ուշադրությունը բևեռել վերը նկարագրված խնդիրներին։ Նաև իմ կոլեգայի հետ միասին մտադիր ենք  եզդի կանաց ու աղջիկների իրավունքների թեմայով անցկացնել քաղաքականության  ուսումնասիրություն, որը կտրամադրենք անձանց, ովքեր որոշումներ են կայացնում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram