Եզդի դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Եզդի դատապարտյալը հացադուլ է հայտարարել


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Դատապարտյալ Ջանգիր Քոչոյանը, ով ներկայումս պատիժը կրում է «Սևան» քրեակատարողական հիմնարկում, հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը մերժելու վերաքննիչ դատարանի  որոշումից։

Ըստ դատապարտյալի հոր՝ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ Սիաբանդ Քոչոյանի, իր որդու նկատմամբ անարդար են վարվում։ «Դատարանը կարող էր իմ որդուն ազատել, բայց չցանկացավ խորանալ գործի մանրամասների մեջ և հիմնվելով միայն քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի կարծիքի վրա՝ մերժեց իմ տղային ազատել, իմ տղան հիմա հացադուլի մեջ է, մի բան իրեն պատահի՝ ո՞վ է պատասխան տալու»․-նշում է Սիաբանդ Քոչոյանը։

Հիշեցնենք, որ Ջանգիր Քոչոյանը 2016թ․  կատարած հանցանքի համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Պատժի կեսից ավելին կրելուց հետո օրենքով սահմանաված պայմանական վաղաժամկետ ազատման իր իրավունքը իրացնելու նպատակով դիմել է քրեակատարողական հիմնարկին համապատասխան գործընթաց սկսելու համար։

Դատապարտյալի վերաբերյալ պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության կողմից կազմվել են զեկույցներ, ընդ որում՝ պրոբացիայի ծառայությունը տվել է դրական զեկույց՝ նշելով, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը ցածր է գնահատվում, ուստի նրա նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելը նպատակահարմար է։

Քրեկատարողական ծառայությունը դատապարտյալի մասին տվել է բացասական զեկույց, ընդ որում՝ զեկույցի կազմման համար նշանակություն ունեցող որոշ հանգամանքներ և տվյալներ հաշվի չեն առնվել և արդյունքում դրական զեկույց կազմելու համար չի բավարարել ընդամենը մեկ միավոր։ Մասնավորոպես զեկույցում նշվում է, որ դատապարտյալը ամուրի է և խնամքին անձ չունի, այնինչ վերջինս ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխաներ և հիվանդ ծնողներ։ Զեկույցում տեղ չի գտել նաև դատապարտյալի՝ քրեակատարողական հիմնարկում 6 ամսից ավելին աշխատելու հանգամանքը։ «Ինքը կին ու երկու անչափահաս երեխաներ ունի, բայց գրել են, որ իբր ամուրի է, խնամքին մարդ չունի, ընդամնեը մի միավորի համար բացասական զեկույց են կազմել»․- նշում է դատապարտյալի հայրը։

Քրեակատարողական հիմնարկը զեկույցների կազմումից հետո դատապարտյալի համաձայնությամբ դիմել է դատարան նրա նկատմամբ պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու հարցով։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2020թ․ փետրվարի 27-ի որոշմամբ մերժել է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու դիմումը։ Ի դեպ՝ քրեակատարողական ծառայության զեկույցում տեղ գտած տվյալների անճշտությունը՝ կապված դատապարտյալի ամուսնական կարգավիճակի և խնամքին անձանց առկայության մասին, տեղ են գտել նաև դատարանի որոշման մեջ։ Այս և այլ հիմքերով էլ դատապարտյալ Ջանգիր Քոչոյանը դատարանի այդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարան։ Վերաքննիչ դատարանը, սակայն, մայիսի 5-ին կայացած դատական նիստում որոշում է կայացրել անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և կրկին մերժել է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելը։

Վերաքննիչ դատարանի որոշումից հետո, դատապարտյալը ի նշան բողոքի՝ հացադուլ է հայտարարել։  «Այս ընթացքում էլ՝ մինչև վերաքննիչ դատարանում բողոքը լսելը, իմ տղայի վարքագիծը դեպի լավն է փոխվել, ինքը 6 ամսից ավել արդեն աշխատում է, մենք հույս ունեինք, որ վերաքննիչ դատարանը կբավարարի տղայիս դիմումը, բայց դատավորը անգամ թույլ չտվեց, որ ես մի բառ խոսեմ։ Իմ տղան առաջին անգամ հանցանք է արել, ընդունել է իր մեղքը ու արդեն 4 տարի է՝ կրում է պատիժը, ուղղվել է, ինչու՞ են ուզում անպայման մինչև վերջ պատիժը կրի կամ այդ ո՞նց է ստացվում, որ շատ դատապարտյալներին պայմանական ազատում են, իսկ իմ տղային մերժում են։ Ես խնդրում եմ՝ թող այս հարցին ուշադրություն դարձնեն իշխանությունները, իմ տղան հացադուլ է անում հիմա»․- խնդրանքով դիմելով իր խոսքը եզրափակեց Սիաբանդ Քոչոյանը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram