Ֆերիկ եզդիաբնակ համայնքում երիտասարդության համար որևէ հետաքրքրություն գտնելը բարդ է

Ֆերիկ եզդիաբնակ համայնքում երիտասարդության համար որևէ հետաքրքրություն գտնելը բարդ է


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

 

Ֆերիկ համայնքը, որը գտնվում է Վաղարշապատից 5, իսկ մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա, ամբողջությամբ եզդիաբնակ է։ Նախկինում գյուղը մի քանի անուններ է ունեցել՝ Կարականչի, Կյուրականլու, Ղարաղանլի, Քարաքանլի, Քրդաշեն։ Ներկայիս անվանումը գյուղը ստացել 1978թ․-ին  ի պատիվ եզդի հեղափոխական գործիչ  Ֆերիկ Պոլատովի։

Ֆերիկի գյուղապետարանը

ՀՀ անկախացումից հետո վատ սոցիալ-տնտեսական դրության պատճառով գյուղի բնակչության մեծ մասը արտագաղթել է, հիմնականում՝ Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամաս։ Հիմա գյուղում բնիկ Ֆերիկցիներ մի քանի ընտանիքներ են ապրում, իսկ մնացածը վերջին տարիներին տարբեր տեղերից եկած եզդիներ են։

Գյուղի դպրոցը 9-ամյա է, որտեղ սովորում են 47 աշակերտներ։ Դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցում դասաժամերն անցկացվում են կոմպլեկտավորված դասարաններով դասարաններում աշակերտների թվաքաանակի քիչ լինելու պատճառով, սակայն իրենք ցանկանում են, որ այս կարգը փոխվի և դասարանները առանձնացված դասեր անեն։

Ֆերիկի դպրոցը

Այս խնդրին անդրադարձավ նաև Ֆերիկի համայնքապետ Ռուստամ Հասանյանը, ով նաև եզդիերենի ուսուցիչն է։ Վերջինիս խոսքով՝ կոմպլեկտավորված դասարաններով դասերի անցկացումը արդյունավետ ու ճիշտ չէ։ Հասանյանը նշեց, որ մինչև 1992թ․ դպրոցն ավարտելուց հետո գյուղից մշտապես ԲՈՒՀ ընդունվողներ են եղել ու կրթության նկատմաբ ձգտում ունեցողները շատ են եղել, սակայն դրանից հետո ոչ մի եզդի չի շարունակել կրթությունը։

Կոմպլեկտավորված դասապրոցես

«Միայն անցած տարի ունեցանք 4 եզդի տղաներ, ովքեր դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցին Էջմիածնի քոլեջ, հիմա իրենք ծառայում են բանակում։ Ունենք ևս մի տղա, ով այս տարի է ընդունվել նույն քոլեջ։  Աղջիկների կրթությունից դուրս մնալու խնդիր մեր մոտ կարելի է ասել չկա, քանի որ ծնողները հիմնականում թողնում են, որ իրենց աղջիկները ավարտեն 9-րդ դասարանը, սակայն հարևան գյուղերի ավագ դպրոցներ մեր աշակերտները չեն հաճախում»․- նշեց գյուղապետը։

Գյուղապետ Ռուստամ Հասանյանը և դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանը

Խնդիր է նաև այն, որ գյուղում չկա մանկապարտեզ կամ նախակրթարան և շատ եզդի երեխաներ, ովքեր նոր-նոր հաճախում են դպրոց, հայերենով հաղորդակցման և հասկանալու խնդիր են ունենում։ Կան ընտանիքներ, ովքեր իրենց երեխաներին տանում են հարևան Արշալույս համայնքի նախակրթարան և նրանց մոտ այս խնդիրը քիչ թե շատ լուծվում է։ Եղել է ծրագիր, որով գյուղում պիտի նախակրթարան հիմնվեր, սակայն այն կյանքի չի կոչվել։

Գյուղացիներից շատերը մեզ հետ զրույցում կարոտով ու սիրով հիշում ու պատմում էին այն տարիների մասին, երբ գյուղում մշակութային կյանքը աշխույժ է եղել։ Գյուղը ունեցել է մշակույթի ակումբ, որտեղ ֆիլմեր են ցուցադրվել, գործել են եզդիական  երգի ու պարի խմբեր։  Իսկ հիմա երիտասարդության համար որևէ հետքրքրություն գյուղում գտնելը շատ բարդ է։

Ակումբի շենքը

Համայնքի ղեկավարը վերջում մեզ խնդրեց նկարահանել նաև գյուղի անմխիթար վիճակում գտնվող ճանապարհները՝ ակնկալելով աջակցություն պետությունից։

Գյուղի գլխավոր ճանապարհը

 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram