Հայերով և եզդիներով բնակեցված որևէ համայնքում եզդի համայնքապետ չկա

Հայերով և եզդիներով բնակեցված որևէ համայնքում եզդի համայնքապետ չկա


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ըստ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգայն փաստաթղթերի` պետությունը պետք է ապահովի ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցությունը այն գործընթացներին, որոնք վերաբերում են իրենց և ազդում են իրենց կյանքի որակի վրա:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» ՀՀ համայնքների կառավարմանը  եզդիների մասնակցության վերաբերյալ հարցում էր ուղարկել ՀՀ ՏԿԵ նախարարություն:

Ըստ նախարարությունից ստացված տեղեկատվության՝ պարզ է դառնում, որ եզդիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման  մարմիններում շատ ցածր մակարդակում է գտնվում։  

Այսպես՝ ըստ տրամադրված տեղեկատվության միայն Արմավիրի,  Արագածոտնի և Կոտայքի որոշ գյուղերում է, որ կան ազգությամբ եզդի համայնքի ավագանիներ և համայնքի ղեկավար։ Ընդ որում՝  հայերով և եզդիներով բնակեցված որևէ համայնքում եզդի համայքնապետ չկա։ 

Համայնքի ղեկավար եզդիներ կան միայն ամբողջությամբ եզդիաբնակ մի քանի գյուղերում։  Արմավիրի մարզում դա միայն Ֆերիկ գյուղն է, Արագածոտնում էլ խոշորացված Ալագյազ և ևս մի քանի գյուղեր։ 

Հետաքրքրական է, որ Արարատի մարզում, որտեղ եզդիները բավականին մեծ թիվ են կազմում, որևէ համայնքում ազգությամբ եզդի ավագանի կամ համայնքի ղեկավար ներկայացված չէ։ 

Հիշեցնենք, որ Հայաստանը վավերացնելով մի շարք միջազգային համաձայնագրեր, (Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին Շրջանակային կոնվենցիա, Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիա) պարտավորություններ է ստանձնել ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցություն ապահովելու համար։ 

Նշենք, որ ԵԱՀԿ «Ազգային փոքրամասնությունների Գերագույն Հանձնակատարի » նախաձեռնությամբ ԵԱՀԿ մասնակից երկրներին առաջարկվել է (Լունդի առաջարկների համակարգ) առավել գործուն մեխանիզմներ մշակել երկրի հասարակական-քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցություն ապահովելու համար, սակայն ՀՀ կողմից այս ուղղությամբ որևէ էական միջոց չի ձեռնարկվել։ 




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram