Եզդիների «Կլոչա Սարե Սալե» (Kloça serê Salê) տոնը

Եզդիների «Կլոչա Սարե Սալե» (Kloça serê Salê) տոնը


Posted in Լուրեր, Մշակույթ

Եզդիները նշում են «Կլոչա Սերե Սալե» (Kloça serê Salê) տոնը: Այն նշվում է մարտ 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը և ավարտվում հինգշաբթի օրը։

Տոնը գլխավորապես տարածված է և նշվում է Կովկասի և հետխորհրդային երկրներում ապրող եզդիների մոտ կամ այդ երկրներից եվրոպական կամ այլ երկրներ տեղափոխված եզդիների մոտ։

Չորեքշաբթի օրը ընտանիքի ամենատարեց կինը (kevanîa malê) հանդիսավորությամբ և ուրախ մթնոլորտում թխում է մեկ հիմնական Կլոչ (մեծ գաթա)` և մի քանի սովորական փոքր գաթաներ։  Թխելուց առաջ Կլոչի խմորի մեջ  ուլունք կամ մետաղադրամ են դնում։

Կլոչը պատրաստվում առնվազն յոթ սննդային բաղադրիչներից, որոնք տարբեր ընտանիքներում կարող են տարբեր լինել, քանի որ յուրաքանչյուր տան տարեց կին (kevanî) ուշադիր հետևում է իր ընտանեկան բաղադրատոմսին և ուտեստ պատրաստելու ավանդույթին:


Հինգշաբթի առավոտյան ընտանիքի բոլոր անդամները նստում են ընդհանուր սեղանի շուրջ և հետևում են, թե ինչպես է տան տղամարդը (malxê malê) կտրում  Կլոչը։ Նախ դանակով այն երկու հավասար մասի են բաժանում։ Վերևի  մեծ կտորը նախատեսված է եզդիական հավատքով սահմանված սրբերի և հրեշտակների համար և յուրաքանչյուր սրբի անունով մաս է կտրվում։ Ըստ եզդիական հավատալիքների, այդ սրբերն են՝

  1. Heft mêrê dîwanê (Յոթ հրեշտակներ)
  2. Xudanê malê (ընտանիքի պահապան հրեշտակ)
  3. Memê Şivan (մանր եղջերավոր անասունների պահապան հովիվ)
  4. Gavanê Zerzan (խոշոր եղջերավոր անասունների պահապան հովիվ)
  5. Xatuna Ferxa (կանանց և երեխաների պահապան հրեշտակ)
  6. Şems (Արևի, լույսի հրեշտակ)

Իսկ մյուս մեծ կտորը կտրվում է ըստ ընտանիքի անդամների անունների՝ մեծից-փոքր հաջորդականությամբ։

Եթե մետաղադրամը ընկնում է սրբի կամ հրեշտակի, ապա նա այդ տարի համարվում է ընտանիքի հովանավորն ու պաշտպանը, իսկ եթե ընտանիքի անդամին է  բաժին ընկնում, ապա այդ տարի նրան մեծ հաջողություններ են սպասվում։

Շատ եզդիներ պնդում են, որ այս տոնը նույնական է ապրիլ ամսին նշվող Տարեգլխի չորեքշաբթի,  (Çarşema sor, Çarşema sersalê) տոնի հետ, սակայն շատերի կարծիքով դրանք բոլորովին առանձին խորհուրդներ ունեցող տոներ են։ Մեծամասամբ տարածված է այն կարծիքը, որ Կլոչա Սարե սալե տոնը տարվա եզրափակումն ու գարնան գալուստն է խորհրդանշում, իսկ ապրիլին նշվող Չարշամա սարէ սալեն Նոր տարվա և աշխարհաստեղծման խորհուրդն ունի։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram