Մարմարիկի եզդի բնակիչը ահազանգում է, թե իր հողը վերցրել են

Մարմարիկի եզդի բնակիչը ահազանգում է, թե իր հողը վերցրել են


Posted in Լուրեր

Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքի բնակիչ Միշա Դավրեշյանը ահազանգում է, որ իր հողամասը իրենից ապօրինի վերցրել են։ Ըստ նրա՝ Արտյոմ անունով անձը մի քանի անգամ նախկինում մոտեցել է իրեն և առաջարկել, որ վերջինս վաճառի իր հողը։ «Ես ասացի, որ չեմ կարող վաճառել, քանի որ այդ հողը միայն իմը չի, ախպերներս էլ են փայատեր, ես չեմ կարող վաճառել․․․ սեփականության վկայական, հողի փաստաթղթերը, հարկ ու տուրքերի վճարումները բոլորը ունեմ, 3400 մետր է իմ հողամասը»,-հայտնեց Դավրեշյանը։

Դավրեշյանը նշեց, որ այդ հողամասի կեսից շատը առանց իր իմացության համայնքի ղեկավարը՝ Նարեկ Հարությունյանը, վաճառել է ոմն Արտյոմի, ով ըստ իր տեղեկությունների պաշտոնատար անձ է։  «Իմ հողը տվել են այդ Արտյոմին, մնացած հողն էլ Էնպես են տեղաշարժել, որ հիմա իմ հողը ուրիշի հողի մեջա ընկնում, հողի տերն էլ ասում է՝ եթե դու մի մետր էլ մտար  մեր հողի մեջ՝ իրարից չնեղանանք, էդ մարդիկ էլ մեր հետ կռիվ են անում, դրա համար էլ մենք համաձայնության չեկանք, մենք մեր 30 տարվա հողն ենք ուզում, բայց բերել ցանկապատ են խփել, ծառեր են տնկել»․- նշեց Դավրեշյանը։

Հարցին, թե որևէ տեղ այդ հարցով դիմե՞լ եք, Դավրեշյանը պատասխանեց․ «Մարզպետարան ենք դիմել, մարզպետը իրենց ասել է, որ մեր հողը նորմալ չափեն տան մեզ, իրենք էլ մարզպետին ասել են, թե իբր կանեն․․․ ես նորից գյուղապետարան գնացի, ինձ նորից հուսադրեցին՝ թե քո հողը տեղում է, մի խառնվիր իրար, բայց հետո թույլտվություն են տվել ու մեր հողը վաճառել են Արտյոմին»։ Դավրեշյանը ավելացրեց նաև, որ իր եզդի լինելու հանգամանքը ևս կարող է կապ ունենանալ այս գործի հետ, քանի որ կողքից գյուղացիներից մարդիկ են եղել, ովքեր ասել են՝ «մի եզդու վրա՞ էլ չենք կարա, որ էդ հողը վերցնենք»։

Խիրատ Մեդիան զրուցեց Մարմարիկ համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ, ով նշեց, որ քարտեզագրման սխալներ են եղել նախկինում, և որ ինքը այդ սխալների հետ առնչություն չունի։ Հարությունյանը նշեց, որ Երևանից եկել այդ տարածքը հարևան հողի հետ միասին գնել են և չափագրման նոր տվյալներով Դավրեշյանի տիրապետման տակ եղած հողամասի մի հատվածը հայտնվել է գնորդի տարածքի մեջ։

Ըստ համայնքի ղեկավարի՝ Դավրեշյանին առաջարկել են ըստ քարտեզագրման նոր տվյալների չափագրում իրականացնել և իրեն տրամադրեն իր բաժին հողամասը, սակայն վերջինս հրաժարվել է և պահանջել է այն հողը, որը մշակել է 1991թ․-ից։ «Հիմա  Հանրապետությունով մեկ քարտեզագրման սխալներ են, ես միայն 4 ամիս է, ինչ պաշտոնակատար եմ, առավոտից իրիկուն այդ խնդիրն է․․․ քարտեզագրման սխալներ, հիմա իր հողը տեղափոխվել է, քարտեզագրման սխալները իմ հետ կապ չունեն»,- հայտնեց համայնքապետը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram