Պատմական իրողությունները միշտ ապացուցել են, որ հայ ժողովրդին բարեկամ և դաշնակից եզդի ժողովուրդը պետք է իր մասնակցությունը ունենա նաև Հայաստանի պետականության կայացման գործում։ 1918 թվականին Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հայ ժողովրդի հետ կողք կողքի կռվեցին եզդիական հեծյալ ջոկատները և մայիսյան հաղթանակներ կերտելուց հետո միասին ստեղծեցին իրենց ընդհանուր հայրենիքը։ 1918 թվականին հենց եզդիական հեծելազորի հրամանատար Ջհանգիր Աղայի շնորհիվ Բաշ Ապարանում և Սարդարապատում հնարավոր եղավ կասեցնել թուրքական զորքի առաջխաղացումը։ Սարդարապատի հերոսամարտի էպիկենտրոնն էր Սարդարապատ գյուղը և նրա հարակից գյուղերը։ Հետագայում` 1968 թվականին ճակատամարտի վայրում կանգնեցվեց Սարդարապատի հուշահամալիրը։ Հենց մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ էլ Հայաստանը ունեցավ պետականություն։ Այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի առաջին Հանրապետության տոնը։