Խոշորացված համայնքները և ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանությունը

Խոշորացված համայնքները և ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանությունը


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ինքնության պահպանությունը կարևոր գործընթաց է, որտեղ իրենց դերն ունեն մի կողմից՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք պետք է ցանկություն ունենան պահպանել իրենց մշակույթը, մյուս կողմից՝ պետությունը, որը պետք է ապահովի մեխանիզմներ՝ աջակցելու համար ինքնության հիմնական տարրերի՝ մշակույթի, պատմության, լեզվի, ավանդույթների, մշակութային ժառագանգության պահպանությանն ու զարգացմանը: Այս գործընթացում շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարումը՝ հատկապես խառը բնակեցված համայնքներում: Ինքնության պահպանության նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի հիմնական սկզբունքներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում։ Ազգային փոքրամասնությունների ինքնության նկատմամբ հարգանքը:

Տեղական իշխանության մարմինները պարտավոր են հարգել համայնքում բնակվող բոլոր էթնիկ խմբերի ինքնությունը, կրոնն ու մշակույթը և խոչընդոտներ չստեղծեն մշակույթի և ավանդույթների տարածման համար: Կարևոր է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինները հավասար պայմաններ ստեղծեն բոլոր էթնիկ խմբերի համար, երբ խոսքը վերաբերվում է ավանդույթների և մշակութային արժեքների պահպանությանն ու այդ նպատակով համայնքային գույքի ու ռեսուրսների օգտագործմանը: Ազգային փոքրամասնությունների ինքնության կարևոր տարր է նաև լեզուն: Ըստ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Եվրոպայի Խորհրդի «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի»՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների հատուկ պաշտպանության լեզվի կարգավիճակ ունեն եզդիերենը, ռուսերենը, ասորերենը, քրդերենը ու հունարենը:

Ստորագրելով այս փաստաթուղթը, պետությունը պարտավորություն է ստանձնել պահպանել այս լեզուները և նպաստել դրանց զարգացմանը: Տեղական ինքնակառավարման մարմինները կարևոր դեր ունեն պետության կողմից ստանձնած այս պարտավորության իրականացման գործում: Տեղական ինքնակառավարման մարմինները ոչ միայն չպետք է խոչընդոտեն ազգային փոքրամասնությունների լեզուների օգտագործումը, այլև պետք է հնարավորություններ ստեղծեն նրանց համար՝ իրենց լեզուներն օգտագործել համայնքապետարանի հետ բանավոր և գրավոր շփումների ժամանակ: Կարևոր է ընդգծել, որ ինչպես բոլոր պետական մարմինները, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները չպետք է արդարացնեն ազգային փոքրամասնությունների լեզուների չօգտագործումը այն պատրվակով, որ համայնքի բոլոր բնակիչները հասկանում են պետական լեզուն:

Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման հարցերը ուշադրության կենտրոնում պահելու և դրանց ժամանակին և արդյունավետ լուծումներ տալու նպատակով համայնքային իշխանությունները կարող են նախաձեռնել աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ: ՏԻՄ-երը կարևորելով ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանությանն ուղղված աշխատանքները՝ ստեղծում են բարենպաստ միջավայր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար՝ ներգրավվելու համայնքային կառավարմանը և որոշումների կայացմանը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram