Մարդու իրավունքների եզդիական կենտրոն հասարակական կազմակերպությունը և Խիրատ Մեդիա լրատվամիջոցը հյուրընկալվեցին Frontline Youth Network կազմակերպության կողմից իրականացվող «ՍերմանելOFF փոփոխությON» ամենամյա ամառային դպրոցին։
Հայ երիտասարդների համար այս հանդիպումը հետաքրքիր փորձառություն էր․ վերջիններս հնարավորություն ստացան ծանոթանալու, թե ովքե՞ր են եզդիները, ի՞նչ մշակույթ և կրոն ունեն, հետաքրքրվեցին եզդիական համայնքի կենցաղային և մշակութային առանձնահատկություններից։ Դասընթացի ընթացքում խոսվեց նաև ազգային փոքրամասնությունների մասին ճիշտ տեղեկատվություն ստանալու գործում մեդիայի կարևորության մասին, ազգային փոքրամասնությունների մասին տարածված բացասական կարծրատիպերի և միֆերի մասին։
Ամառային դպրոցի մասնակիցները ՄԻԵԿ-ի հետ այցելեցին Ռյա Թազայի եզդիական տաճար, որտեղ մասնակցեցին եզդիական կրոնական աղոթքի ծիսակատարությանը և տաճարի հոգևոր հովվի հետ զրույց ունեցան եզդիական կրոնի թեմատիկայով։ Մասնակիցները տպավորված էին հանդիպումով․ ըստ նրանց՝ նման դասընթացները անհրաժեշտ են հայ երիտասարդությանը, հենց թեկուզ միայն այն պատճառով, որ ճիշտ պատկերացումներ ունենան, թե ի՞նչ ազգեր են ապրում իրենց կողքին։