Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը՝ ազգային փոքրամասնությունների օր․ ԱԺ-ում քննարկվում է նոր տոնական օր ավելացնելու մասին նախագիծը


ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը։

Առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը այսուհետ ընդգրկել ՀՀ տոնական եւ հիշատակի օրերի ցանկում՝ նշելով որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:

Ազգային փոքրամասնությունների խորհրդի հետ քննարկման արդյունքում է որոշվել օրը։

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի ցանկում ներառելով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, մենք կնպաստենք, որ ՀՀ քաղաքացիները եւս մեկ առիթ ունենան ուշադրություն դարձնելու ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց մշակույթի պահպանմանը, հանրայնացմանն ու տարածմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ ազգային փոքրամասնություններրի մշակույթի եւ սովորույթների որոշ տարրեր առավել հանրային դառնան եւ առավել ընկալելի ու ընդունելի լինեն հասարակության կողմից: Սա իր հերթին կբերի ոչ միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հանդուրժողականության մեծացմանը, այլեւ նրանց ինքնության պահպանմանը, որը սահմանված է ՀՀ Սահմանադրության 56-րդ հովդածով»,- նշել է նախագծի հեղինակ Ռուստամ Բաքոյանը։

Պատգամավորը նշում է, որ ուսումնասիրելով միջազգային փորձը՝ փաստում ենք, որ աշխարհի տարբեր պետություններում, որպես հիմք ընդունելով ՄԱԿ-ի հռչակագիրը, պաշտոնապես ամրագրված է Ազգային փոքրամասնությունների օր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց, որ կառավարությունն ամեն կերպ սատարում է ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածմանը, կիրառում տարբեր դրամաշնորհային ծրագրեր։

«Տոնի շնորհիվ ավելի շատ իրադարձություններ կկազմակերպվեն, տոնը կնպաստի մշակույթների և ժողովուրդների փոխադարձ ճանաչմանը և առավել լավ ընկալմանը», – ասաց նա։

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն։ ԱԺ–ում այն հաստըատվելու դեպքում 2021-ի սեպտեմբերի 25-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի այդ տոնը՝ Ազգային փոքրամասնությունների օրը։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *