«Մեզ ավելի շատ փակված են պահել, մեզ փակել են, որ չի կարելի, ամոթ է կանանց համար, կանայք ինչ խոսեն, ինչ ձայն բարձրացնեն։ Միշտ ամոթանքով են ներկայացնում, որ չի կարելի։ Եվ այդ խոսքերը և՛ կանանցից ենք լսում, և՛ տղամարդկանցից»։
Լալի Այդոևը պատմում է, որ տարիներ շարունակ եզդի կանանց համար կրթությունը, սեփական կարծիքն արտահայտելը կամ որոշումների կայացմանը մասնակցելը հեշտ չի եղել։ Նրա խոսքով՝ այսօր իրավիճակը փոխվել է․ համայնքում կան կրթված կանայք՝ ուսուցչուհիներ, բժիշկներ, սակայն կանանց խոսքը, հատկապես որոշումների կայացման ժամանակ, դեռ բավարար չափով չի լսվում։ Ինքն էլ միշտ ցանկացել է իր կարծիքն արտահայտել, սակայն հնարավորություններ չի ունեցել։ Նա կարծում է, որ կանանց մասնակցությունը մեծացնելու համար ամենակարևորը կրթությունն է, և եթե ինքը հնարավորություն ունենար, անպայման կշարունակեր սովորել՝ նույնիսկ մտածելով, որ կարող էր համայնքի ղեկավար, ավագանու անդամ կամ որևէ պաշտոն զբաղեցնել։
Որդու կորուստը և կյանքի նոր ընթացքը


Լալին այն կանանցից է, որոնց կյանքը փոխել է պատերազմը։ 2020 թվականի պատերազմում նա կորցրել է իր միակ որդուն՝ Դավիթին։ Դավիթը բժշկական համալսարանի երրորդ կուրսում էր, երբ զորակոչվել է բանակ։ Լալին ասում է, որ որդու կրթությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ ինքը բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չէր ունեցել․
«Ես ասում էի՝ Դավիթ ջան, լավ սովորիր։ Տես՝ ես կրթություն չեմ ստացել, չեմ կարողանում, բայց դու լավ սովորիր։ Եվ միշտ իմ երազանքն է եղել, որ իմ տղան լավ սովորի, բարձրագույն կրթություն ունենա»։
Դավիթի մահից հետո Լալին երկար ժամանակ չի կարողացել վերադառնալ սովորական կյանքին։ Նրա մարմինը գտել է լուրը ստանալուց երեք ամիս անց․
«Ես չգիտեի՝ ինչ եմ գրկում։ Դրոշ եմ գրկում, իր չորս փայտն եմ գրկում։ Ես, որ իմ երեխուն չեմ տեսել, ես իրեն սպասում եմ։ Ինձ թվում է՝ ինքը ամեն պահի դուռը կթակի, ներս կմտնի ու կասի՝ մամ ջան»։

Նա ասում է, որ որդու կորուստը մինչ օրս իր կյանքի ամենածանր փորձությունն է, սակայն միաժամանակ այն իրեն ավելի համարձակ է դարձրել։ Նախկինում ինքն ավելի փակ էր և մտածում էր, որ խոսելը կամ ինչ-որ բան անելը ամոթ կլինի։ Բայց պատերազմից հետո վերաբերմունքը փոխվել է․
«Այն ժամանակ ավելի փակված էի… Բայց հիմա մտածում եմ, որ իմ տղան զոհվեց հանուն մեզ, և մենք պետք է ուժեղ լինենք։ Որովհետև ես եմ մնացել, մենակ եմ մնացել, իսկ եթե հիմա էլ սուս ու զուսպ մնամ, ինձ երևի կկորցնեմ։ Ավելի լավ է՝ ես ուժեղ լինեմ, քան ինձ կորցնեմ»։
Օգնությունից մինչև ինքնուրույն կյանքի ձգտում
Դավիթի զոհվելուց հետո Լալին պետությունից ստացել է 10 միլիոն դրամ, ամսական թոշակ, ինչպես նաև առողջական խնդիրների հետ կապված որոշակի աջակցություն։ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքը երկու անգամ դրամական օգնություն է տրամադրել, իսկ «Զինվորի տունը»՝ հոգեբանական աջակցություն։
Սակայն այդ աջակցությունը չի լուծել նրա բոլոր խնդիրները։ Տարիներ շարունակ վարձով բնակվող Լալին 2024 թվականին դիմել է պետությանը բնակարանի հարցով, և իրեն պատասխանել են, որ հերթը կհասնի 2030 թվականին, սակայն նա վստահ չէ, թե այդ ժամանակ կկարողանա բնակարան ստանալ։

Այսօր նա ուզում է ոչ միայն աջակցություն ստանալ, այլև ինքնուրույն աշխատել։ Դավիթի մահից հետո փորձել է սովորել մատնահարդարում և աշխատել այդ ոլորտում, սակայն 2021 թվականին՝ գերեզման այցելելուց վերադառնալիս, ավտովթարի է ենթարկվել։ Մեքենան շրջվել է, և նա ողնաշարի ծանր վնասվածք է ստացել, տարել բազմաթիվ վիրահատություններ։
«Իմ դժվարությունը դա է, որ ես հիմա չեմ կարող աշխատել, ոչ կարող եմ ծանր գործ անել, ոչ թեթև գործ անել, ոչ կարող եմ աշխատանքի ընդունվել… Ուզում եմ, ձգտում եմ, ամեն ինչի ձգտում ունեմ, բայց առողջությունս չի թողնում»։

Լեզվական խոչընդոտը և կրթական ցանկությունները
Հայաստանում կրթություն ստանալն իր համար ևս մեկ դժվարություն ունի․ ինքը ստացել է ռուսական կրթություն և հայերեն տառերը չգիտի։
«Ամենաառաջինը ինձ պետք է, որ ես հայերեն տառերը սովորեմ, և օրինակ՝ ինքս բուժքույրական սովորեի ու հիվանդանոցում աշխատեի։ Շատ բան կուզեի, բայց քանի որ ես հայերեն տառերը չգիտեմ, դրա համար հետ եմ մնում»։
Բուժքույր դառնալու ցանկությունը կապված է նաև որդու չիրականացված երազանքի հետ, բայց խոսքը միայն դրա մասին չէ. նա պարզապես ցանկանում է ինքնուրույն սովորել, մասնագիտություն ձեռք բերել և աշխատել։
Խաղաղությունը և ապագայի տեսլականը
Խոսելով խաղաղության մասին՝ Լալին այն չի ներկայացնում քաղաքական կամ մասնագիտական բառապաշարով, այլ շատ անձնական մակարդակով։ Նա ցանկանում է, որ մյուս երեխաներն ու ծնողները չապրեն նույն փորձությունը․
«Կարելի էր, օրինակ, էնպիսի լուծում գտնել, որ պատերազմը չլիներ»։
Կանանց, որոնք ունեն իր խնդիրների մի մասը, Լալին խորհուրդ է տալիս ուժեղ լինել, կրթություն ստանալ և աշխատել։ Բայց դրա համար ամենակարևոր պայմանը խաղաղությունն է․
«Ամենաառաջինը երեխաների համար, որ խաղաղ երկրում ապրեն և առհասարակ բոլորը խաղաղության մեջ ապրեն։ Եթե խաղաղությունը կա, բոլորս մեզ ավելի հանգիստ ենք զգում»։
Նրա կյանքում փոփոխությունը դեռ ընթացքի մեջ է։ Նա ուզում է սովորել հայերեն, ձեռք բերել նոր մասնագիտություն, աշխատել և ավելի ակտիվ լինել՝ վերջնականապես կոտրելով տարիներ առաջ «ամոթ» թվացող կարծրատիպերը։
Վերջում՝ Լալիի անվան մասին։ Լալի անունը նրան տվել է հայրը՝ ի հիշատակ իր հորաքրոջ։ Այն արաբական ծագում ունի և նշանակում է մարգարիտներ։