«Այն, ինչ ես եմ ուզում». Նադեժդայի պատմությունը՝ սեփական ընտրությունը գտնելու մասին


Փոքրիկ, անհոգ դեմքով աղջիկը, որ լուսանկարում հոր գրկում է, Նադեժդա Շուտովան է։ Նա ծնվել և մեծացել է Լերմոնտովոյում՝ մոլոկան համայնքում։

Այսօր Նադեժդան 22 տարեկան է, ապրում է Երևանում և աշխատում հյուրանոցներից մեկում՝ որպես մաքրուհի։

 

 

 

 

 

 

 

Ըստ նրա` աշխատանքային օրերը հիմնականում միապաղաղ են անցնում․ առավոտյան շուտ է արթնանում, պատրաստվում, մի բաժակ թեյ խմում ու գնում աշխատանքի։

Երեկոյան, աշխատանքից հետո, սիրում է իր համար ինչ-որ բան պատրաստել ու ուտել։

Միաժամանակ Նադեժդան սովորում է հայերեն և անգլերեն, մտածում է կրթությունը շարունակելու և ապագայում մասնագիտությամբ աշխատելու մասին։

«Կա երկու տարբերակ՝ իրավաբան կամ լրագրող, ինչպես դուք եք»։

Նա հիմա փորձում է իր ապագան պատկերացնել այնպիսի կյանքով, որտեղ որոշումները ինքն է կայացնում։ Բայց դրա ճանապարհին Նադեժդան արդեն ունեցել է ընտրություններ, որոնց վրա ազդել են ընտանիքի և շրջապատի պատկերացումները։

Մանկությունն ու առաջին ընտրությունը

Նադեժդայի մանկությունը, նրա խոսքով, անցել է ինչպես գյուղի շատ երեխաներինը՝ դպրոց, տնային գործեր, քույր ու եղբոր խնամք, հորը օգնել։ Մորը կորցնելուց հետո այդ պարտականություններն ավելի շատացան։

Գյուղում շատ կենդանիներ կային, և փոքր տարիքում Նադեժդան ուզում էր անասնաբույժ դառնալ։ Դպրոցում, սակայն, նրա հետաքրքրությունները փոխվեցին։ Երբ ուսուցիչը շարադրություն հանձնարարեց գրել ապագա մասնագիտության մասին, նա որոշեց, որ ուզում է իրավաբան դառնալ։

«Այդ թեման հետաքրքիր էր։ Մենք դպրոցում հաճախ էինք անդրադառնում դրան հասարակագիտությունից»։

Սակայն դպրոցը Նադեժդան չավարտեց։

Նա պատմում է, որ իր շրջապատում տեսնում էր աղջիկների, որոնք դեռ դպրոցական տարիքում սկսում էին աշխատել՝ հիմնականում մաքրության գործեր անելով։ Նրանց վաստակած գումարը հետաքրքրել էր նաև իրեն։

«Ես տեսա, որ նրանք այդպիսի փողեր են վաստակում։ Եվ ես նույնպես դպրոցը թողեցի, որպեսզի գնամ աշխատելու»։

Հետագայում Նադեժդան այդ որոշմանն սկսել է այլ կերպ նայել։ Կրթությունը շարունակելու ցանկությունը նրա մոտ պահպանվել է, և այժմ նա փորձում է դրա հնարավորությունը գտնել արդեն Երևանում։

Նրա պատմածից երևում է, որ կրթության հարցում ընտրությունը միշտ միայն աղջկա ցանկությամբ չի որոշվում։ Նադեժդան հիշում է իր ճանաչած մի աղջկա, որը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր քոլեջ՝ բժիշկ դառնալու նպատակով։ Սակայն ընտանիքը դեմ էր այնտեղ ընդունված համազգեստին, քանի որ աղջիկները տաբատ էին կրում։ Արդյունքում աղջիկը դադարեցրեց ուսումը։

Մեկ այլ աղջիկ, Նադեժդայի խոսքով, նույնպես ավարտել էր դպրոցը, սակայն ծնողների հորդորով չէր շարունակել կրթությունը և աշխատանքի էր անցել։

Երբ ընտանիքի կարծիքը դառնում է որոշում

Նադեժդայի խոսքով՝ իր համայնքում ընտանիքի ներսում որոշումների կայացման հարցում տղամարդիկ սովորաբար ավելի մեծ դեր ունեն։

«Հիմնականում տղամարդիկ են։ Շատ քիչ է լինում, որ կնոջը ինչ-որ խոսք տան։ Կարող են, բնականաբար, խորհրդակցել կանանց հետ, բայց դա ինչ-որ ձևականություն է, ամենայն հավանականությամբ»։

Նա կարծում է, որ նման միջավայրում կանայք կարող են աստիճանաբար ավելի քիչ արտահայտել սեփական ցանկությունները։ Որպես օրինակ՝ պատմում է մի երիտասարդ կնոջ մասին, ով ցանկանում էր վարորդական իրավունքի վկայական ստանալ, սակայն ամուսինը համոզում էր, որ դրա կարիքը չունի։

«Մոտդ ոչինչ չի ստացվի, քեզ դա պետք չէ, պարզապես փող կծախսես, ժամանակը զուր կծախսես»,- ասում էր ամուսինը, ըստ Նադեժդայի պատմածի։

Նադեժդայի համար սեփական ընտրության հարցը հատկապես անձնական դարձավ, երբ նա հարաբերություններ սկսեց մեկ այլ համայքից մի երիտասարդի հետ։

Տղան եզդի էր։ Նադեժդան ասում է, որ նրանք լուրջ հարաբերություններ ունեին և պատրաստվում էին ամուսնանալ, սակայն ընտանիքը դեմ էր այդ որոշմանը։

«Հասարակությունը շատ ճնշեց, հայրս էլ, որ չի կարելի, ընդունված չէ։ Եվ դա, չգիտեմ, դա մեծագույն սխալ է, երևի, իմ կյանքում, որ ես այն ժամանակ լսեցի նրանց»։

Նրա խոսքով՝ ընտանիքի անհամաձայնությունը երբեմն արտահայտվում էր նաև նրան տնից դուրս գալ չթույլատրելով, քանի որ ընտանիքը մտավախություն ուներ, որ նա կհանդիպի այդ երիտասարդին։

Այսօր Նադեժդան այդ որոշումը հիշում է որպես մի բան, որի համար դեռ ափսոսում է։ Բայց նրա համար ափսոսանքի պատճառը միայն չկայացած հարաբերությունը չէ։

«Ափսոսանք պարզապես մնաց մինչև այս պահը․ ափսոսանք, որ այդ պահին լսեցի հասարակությանն ու ծնողներիս, այլ ոչ թե այն, ինչ ես եմ ուզում»։

Իր կյանքը ինքնուրույն կառուցելու փորձը

Երևանում Նադեժդայի կյանքն արդեն ուրիշ ընթացք ունի։ Նա աշխատում է, սովորում է լեզուներ և մտածում է կրթությունը շարունակելու մասին։ Իր հաջորդ քայլերը դեռ ամբողջությամբ որոշված չեն, բայց ցանկությունները հստակ են։

Նադեժդան ուզում է կրթություն ստանալ, մասնագիտությամբ աշխատել, ապրել առանձին և ճանապարհորդել։

«Այն, որ ես կրթություն կստանամ, կաշխատեմ մասնագիտությամբ։ Կարելի է ինչ-որ հեռավար աշխատանքի ընդունվել․ ճանապարհորդել աշխարհով մեկ, այնտեղ նոր բաներ իմանալ, տեսնել աշխարհի բոլոր հրաշալիքները։ Դա, ասես, իմ լուսավոր ապագան է, այդպիսի պատկերացումներ ունեմ»։

Նադեժդայի պատմությունը համայնքի մասին ընդհանրական գնահատական չէ։ Այն մեկ մարդու փորձն է, որի կյանքում ընտանիքի և շրջապատի սպասումները երբեմն բախվել են սեփական ցանկությունների հետ։ Այդ ազդեցությունը նա զգացել է կրթության, աշխատանքի և անձնական կյանքի ընտրությունների ժամանակ։

Իսկ այսօր Նադեժդան փորձում է իր հաջորդ ընտրությունները կատարել ինքնուրույն։

 

Հեղինակ՝ Գոհար Սարգսյան