Դեկտեմբեր ամսվա եզդիների կրոնական ավանդույթներն ու տոները


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Խիրատ Մեդիան՝ դեկտեմբերի 20-ին եզդիները նշելու են իրենց ազգային ամենակարևոր տոներից մեկը՝ Սուլթան Եզիդի տոնը (Eîda Êzdît կամ Cejna Êzîd)։ Սակայն հարկ է նաև ընդգծել, որ դեկտեմբեր ամիսը հատկապես Իրաքում ապրող եզդիների համար կարևոր է ոչ միայն այս պատճառով, այլ նաև այն պատճառով, որ այս ամսին են նշվում նաև մի շարք այլ ազգայի տոներ և  կրոնական ավանույթներ։ 

Ցավոք սրտի այդ տոնակատարությունների ու ծիսակարգերի մեծ մասը Հայաստանի և հետխորհրդային երկրներում բնակվող եզդիների շրջանում մոռացության են մատնվել և որպես կանոն չեն նշվում։ Սրա հիմնական պատճառն այն է, որ դարերի ընթացքում եզդիները հեռանալով իրենց պատմական բնօրրանից՝ Իրաքի հյուսիսային մասի Շանգալի երկրամասից ու Սուրբ Լալեշից, ժամանակի ընթացքում մոռացել են այդ ազգային ավանդույթների մասին։ Որոշ տոնակատարություններ ու ավանդույթներ էլ իմաստային, բովանդակային և ժամանակագրական փոփոխությունների են ենթարկվել։

Ինչպես նշեցինք՝ Իրաքի եզդիների համար դեկտեմբերն ամենակարևոր ամիսներից է, քանի որ այդ ընթացքում նշվում են Շեշըմսի տոնն ու ծոմի օրերը (Rojî և Êîda Şêşims), Խուադանի ծոմն ու տոնը (Rojî և Êîda Xwedana), Սուլթան Եզիդի ծոմն ու տոնը (Rojî և Êîda Siltan Êzîd), Բելընդա Փիրա Ֆատի տոնը (Eîda Bêlinda Pîra Fat), ինչպես նաև սկսվում է Չըլե Զըվըստանեն (Çîlê Zivistanê, 40-օրյա ծոմ, որը պահում են հոգևորականներն ու խորը հավատացյալ եզդիները): 

Այնուամենայնիվ, շատ կերևոր է վերստին հիշել այս պատմական ամսաթվերը, կրոնական տոներն ու ծիսակարգերը և պահպանել մեր նախնիների ավանդույթները՝ եզդի ժողովրդի էթնիկական ինքնությունը պահպանելու համար։ Այսպես՝ այս տարվա դեկտեմբերի կրոնական ավանդույթների և տոների օրերն են՝

  • 3, 4, 5 դեկտեմբերի՝ Շեշըմսի ծոմի օրեր (Rojîyên Şêşims)
  • 6 դեկտեմբերի՝ Շեշըմսի տոն (Eîda Şêşims)
  • 10, 11, 12 դեկտեմբերի Խուադանի ծոմի օրեր (Rojîyên Xwedana)
  • 13 դեկտեմբերի՝ Խուադանի տոն (Eîda Xwedana)
  • 17, 18, 19 դեկտեմեբրի՝ Սուլթան Եզիդի ծոմի օրեր (Rojîyên Siltan Êzdît)
  • 20 դեկտեմբերի՝ Սուլթան Եզիդի տոն (Eîda Siltan Êzdît)
  • 27 դեկտեմբերի՝ Բելինդա Փիրա Ֆատի տոն (Eîda Bêlinda Pîra Fat)

Ծանոթագրություն՝
*Բելընդա Փիրա Ֆատ (Ayda Bêlinda Pîr Afat) տարածաշրջանային տոն է, որը նշվում է Իրաքի եզդիների կողմից՝ որոշակի շրջանների պատմական իրադարձություններից ելնելով: Իրաքի եզդիները մեծարում են Փիրա Ֆատի հայտնության օրը։ Այս օրը հիշում են հանգուցյալներին։ Եզդիները հաց են թխում, այնուհետև բաժանում ընտանիքի անդամների միջև։ Ասվում է, որ ում բաժին ընկնի հացի մեջ ընկած չամիչը, նա բախտավոր կլինի ապագայում։ Այս օրն նաև եզդիներն այցելում են իրենց մահացածների գերեզմանները և այնտեղ աղքատներին կամ հարևաններին բաժանում թխվածք և հաց։ Այս տոնը նման է  «Ռոժա սար մազալա»-ին՝ Գերեզմանների օրվան, որը նշում են հետխորհրդային տարածքի եզդիները։

Խիրատ Մեդիա․ Խմբագրական




3 thoughts on “Դեկտեմբեր ամսվա եզդիների կրոնական ավանդույթներն ու տոները”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *