Եզդիները նշում են Խըդըր Նաբիի (Խըդըր Էլիասի) տոնը

Եզդիները նշում են Խըդըր Նաբիի (Խըդըր Էլիասի) տոնը


Posted in Լուրեր, Մշակույթ

Եզդիները նշում են Խըդըր Նաբիի և (կամ) Խըդըր Էլիասի տոնը։ Այն եզդիական կարևոր ազգային տոներից է, որը նշվում է փետրվար ամսվա 13-ից հետո առաջին ուրբաթ օրը։

Եզդիների ինքնության պահպանման և ազգային, հոգևոր-մշակութային միասնության գործում այս տոնը կարևոր նշանակություն ունի։ Դարեր ի վեր եզդիները իրենց իղձերի, ցանկությունների, նպատակների իրականացումը կապել են Խըդըր Նաբիի և Խըդըր Էլիասի անվան հետ։

Խըդըր Նաբիի և Խըդըր Էլիասի կերպարների շուրջ կան տարբեր կարծիքներ․ Նաբի անվանում են նրանց, ովքեր գերբնական ուժի են տիրապետում և կարողանում են իրականացնել անհնարին թվացող բաներ։ Ոմանք Խըդըր Նաբիին և Խըդըր Էլիասին նույնացնում են և համարում են նույն կերպարը։ Իրաքի Բաադր բնակավայրում, սակայն, կան այս երկու կերպարների անուններով սրբատեղիներ և Իրաքի եզդինեը հավատում են, որ նրանք եղել են եղբայրներ, ոմանք էլ նրանց հայր և որդի են համարում։

Ըստ եզդիական ժողովրդական ավանդության՝ Խըդըր Նաբին և (կամ) Խըդըր Էլիասը սպիտակ ձիով սուրբ հեծյալներ են, ովքեր այս օրերին շրջում են եզդիների մեջ և կատարում նրանց երազանքները։ Եզդիների աղոթքներում Խըդըր Նաբին հիշատակվում է որպես սիրահարների հովանավոր հրեշտակ, ով իրականացնում է երիտասարդների նպատակներն ու երջանկություն է բերում նրանց։

Ընդունված ծիսակարգի համաձայն՝ բուն տոնից առաջ եզդիները 3 օր ծոմ (ռոժի) են պահում։ Փետրվարի 13-ից հետո առաջին երկուշաբթի, երեքշաբթի և  չորեքշաբթի օրերին ծոմի օրեր են։ Ծոմը պահում են ինչ որ կարևոր նպատակի համար՝ հավատալով, որ այն կիրականանա։

Հինգշաբթի երեկոյան չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում և ջուր չխմելով քնում են, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։ Աղի բլիթը պետք է պատրաստվի չամուսնացած աղջկա ձեռքով։

Նունյ օրվա երեկոյան սկուտեղով  ալյուր կամ փոխնիձ են դնում տան տանիքին՝ հավատալով, որ այդ գիշեր Խըդըր Նաբին իր ձիով կանցնի իրենց տանիքով և ձիու պայտի հետքը կմնա։ Երբեմն էլ ասում են, որ Խըդըր Նաբին իր ձիու պոչից մի մազ է հանում և թողնում սկուտեղի վրա։ Եզդիները հավատում են, որ եթե վաղ առավոտյան  ձիու պայտի տեղը կամ մազը երևում են ալյուրի կամ փոխինձի վրա, ուրեմն Խըդըր Նաբին եղել է իրենց տանը և ընտանիքին մեծ հաջողություն է սպասվում։

Չհաշված ընդունված ծիսակարգերը՝ տարբեր եզդիաբնակ վայրերում  հինգշաբթի երեկոյան երիտասարդները տոնախմբություն են անում,  երգով-պարով շրջում են տներով և ուրախանում։ Երեխաներն ու դեռահասները տան երդիկներից գուլպաներ են կախում և երգելով, տնից տուն շրջելով նվերեներ են հավաքում։ Այս կարգը կոչվում է դոլիդանգ։  Ըստ եզդիական ավանդության՝ տոնի օրերին բոլոր իրարից նեղացած ու վիրավորված անձինք պիտի հաշտվեն միմյանց հետ։

Բուն տոնը սկսվում է ուրբաթ առավոտյան և տևում է մինչև կիրակի երեկո։ Այս օրերին եզդիները ազգային համեղ ուտեստներ են պատրաստում, տոնական սեղաններ են գցում, այցելում են միմյանց, շնորհավորում և նվերեներ տալիս իրար։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram