ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչների հետ


Posted in Լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Նախարարի տեղակալը, ողջունելով երիտասարդներին, տեղեկացրել է, որ նախարարությունն այժմ ոլորտային բարեփոխումներ է իրականացնում, կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման համար մշակվում են ռազմավարական փաստաթղթեր` նախատեսված մինչև 2025 թվականը:

Ա.Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է հանրային հատվածի, այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների մոտեցումը ներկայացնող կազմակերպությունների նախաձեռնողականությունը և ակտիվ մասնակցությունը ոլորտային պետական քաղաքականության ծրագրերում. «Ստեղծվել է պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը մշակող աշխատանքային խումբ, որը լսելով երիտասարդներին՝ ուղենշելու է հիմնական թիրախները: Պատրաստ ենք անկաշկանդ երկխոսության և բաց ենք գործնական առաջարկությունների համար»,-նշել է նախարարի տեղակալը:

Կազմակերպության նախագահ Սաշիկ Սուլթանյանը նշել է, որ իրենք ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացումը դիտարկում են մարդու իրավունքների իրացման տեսակետից` կարևորելով հատկապես կրթական, երիտասարդական և ինքնության պահպանման խնդիրները:

Իրավապաշտպան կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչներից Լենա Միրզոյանը պատմել է, որ այս տարի ընդունվել է ԵՊՀ` սոցիալական աշխատանք մասնագիտությամբ: Ազգային փոքրամասնություններին ԿԳՄՍ նախարարության հատկացրած տեղերի հաշվին` նա կրթությունը կստանա անվճար:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նախարարության հետ համագործակցության առավել սերտացումը, անդրադարձ է եղել ազգային փոքրամասնությունների մասին պարբերաբար հրապարակվող զեկույցներին, եզդիական համայնքի կրթական խնդիրներին:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram