Կայացավ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ իրականացվող «Հակազդելով ազգային փոքրամասնությունների մասին ապատեղեկատվությանն ու կեղծ տեղեկատվությանը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը և ծրագրի արդյունքում ստեղծված «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկատվությունը որպես ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների բարձրաձայնման խոչընդոտ» հետազոտական զեկույցի շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանի օգնականը և գործընկերներ հասարակական կազմակերպություններից։
Հետազոտական զեկույցի հեղինակները ներկայացրեցին զեկույցը, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին առընչվող ապատեղեկատվական հոսքերին։ Որպես թիրախային խումբ ընտրվել է Հայաստանի թվով ամենամեծ ազգային փոքրամասնությունը՝ եզդիական համայնքը, քանի որ վերջինս հանդիսանում է և՛ էթնիկ, և՛ կրոնական, և՛ լեզվական փոքրամասնություն, ինչը հնարավորություն է տալիս նաև ընդհանուր պատկերացում կազմել ազգային փոքրամասնությունների մեդիա պատկերի և ոլորտում առկա խնդիրների մասին:
Հետազոտական զեկույցը բաղկացած է երկու հիմնական մասերից, առաջարկությունների և խորհուրդների բաժնից։
Զեկույցին ամբողջությամբ ծանոթանալու համար անցեք ստորև տեղադրված հղումով։