Արտաշար գյուղը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի կազմում է։ Գյուղում ապրում են հայեր և եզդիներ։ Գյուղում մի շարք խնդիրներ կան, որոնք ոչ խոշորացոմից առաջ, ոչ էլ հետո լուծում չեն ստանում։ Գյուղի ազգությամբ եզդի բնակիչներից մեկի խոսքերով՝ արդեն հոգնել են նույնիսկ խոսել իրենց խնդիրների մասին․ խնդիրներով զբաղվող մարմիններից նույնիսկ արձագանք չկա։
Գյուղ տանող ճանապարհը սարսափելի վիճակում է․ ասում են՝ վերջին անգամ ճանապարհներն ասֆալտապատվել են դեռ անկախությունից առաջ։ Տարիներ շարունակ Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերն առանց մաքրման լցվում են Ախուրյան-Արաքս ջրատար և խառնվելով ոռոգման ջրերին, հոսում Արտաշարի դաշտերը, այդ ջրերով ոռոգված մշակովի հողատարածքներից ստացվող բերքը շուկայում դարձել է անմրցունակ։
Այդ ջրերն ամռանը համայնքում տարածում են գարշահոտություն և ստեղծում հակասանիտարական վիճակ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մի քանի տարի առաջ այդ ջրի մեջ հայտնաբերել է խոլերայի բացիլներ: Բարեբախտաբար, չեն արձանագրվել խմելու ջրի կենսաբանական աղտոտման դեպքեր: