«Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ նրանց ոչնչացնել մեր սրբավայրերը, որտեղ վառված ամեն մի մոմ որևէ մեկի երազանքն է».
Արմեն Ախմեյանը 21 տարեկան է: Նա ապրում է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում: Արցախը պաշտպանելու համար եզդիների կողմից կազմավորված առաջին կամավորական ջոկատում Արմենն ամենաերիտասարդն է: Արմենն ու իր ընկերները կես ամիս մնացին ռազմաճակատում և վերադարձան հոկտեմբերի 15-ին ՝ հաջորդ 15 օրվա ընթացքում հերթափոխը զիջելով երկրորդ ջոկատին: Մի քանի օր անց՝ նորից կգնան ռազմաճակատ։
Արմենը խորհում է պատերազմի, հայրենիքի հանդեպ սիրո, վախերի և հերոսների մասին։
Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների եզդիական կենտրոնին համագործակցության և նյութի պատրաստման հարցում օգնության համար։
Առաջնագիծ գնալու որոշման մասին
Պատերազմի հենց առաջին օրը զոհվեց իմ ընկերը։ Նա իմ հասակակիցն էր։ Նա Եվրոպայում էր ապրում, բայց որոշեց վերադառնալ հայրենիք և գնալ բանակ։ Արդեն երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 27-ին ես կարդացի զոհվածների ցուցակը և այնտեղ նաև նրա անունը կար՝ Արմեն Սարգիսի Սարգսյան։ Նրա վրա արկ էր ընկել և նա այրվել էր։
Ես միանգամից որոշեցի կամավոր գրվել։ Ինձ երկու անգամ ազատել են զինծառայությունից․ իմ մոտ բազմամատություն կա (պոլիդակտերիա)՝ վեց մատ ունեմ ոտքերիս։ Ինձ առաջարկեցին կամ հեռացնել «ավելորդ» մատները, ինչը ես չուզեցի, կամ գնալ բանակ՝ «կարտոֆիլ կլպելու»։
Այդ ժամանակ ես հրաժարվեցի, բայց հիմա ես մտածեցի, որ, եթե ինձ չվերցնեն կռվի գնալու համար, ապա կգնամ գոնե ուտելիք պատրաստելու, գոնե վերքերը վիրակապելու, հիմա ցանկացած օգնություն էլ պետք է։ Բայց վերցրեցին։ Երբ հագա զինվորական կոշիկները, ճիշտ է՝ հարմարավետ չէին, բայց հետո սովորեցի։

Ծնողների արձագանքի մասին
Երբ ես իմացա, որ եզդիները կամավորական ջոկատ են ստեղծում, զանգահարեցի մեր պատգամավորին՝ Ռուստամ Բաքոյանին և ասացի, որ ես էլ եմ պատրաստ։ Հավաքվեցի և գնացի Ակնալիճի մեր եզդիական սրբատեղի։
Տանն իմ որոշումը սկզբից լուրջ չէին ընդունում։ Երբ հասա Ակնալիճ, մեծերը հարցնում էին՝ «Իսկ հայրդ տեղյա՞կ է, զանգիր խոսենք իր հետ»։ Զանգեցի հորս, խնդրեցի նրան չընկճել ինձ։ Հայրս չհիասթափեցրեց, հանգիստ ձայնով ասաց՝ «Կեցցե՜ս տղաս, ես նույնպես շուտով կգամ՝ կամավորագրվեմ»։ Իսկ երբ ես վերադարձա տուն, հարցրեց՝ «Դու լուրջ չես չէ՞։»
Ես Ուկրաինայի քաղաքացի եմ։ Հայրս առաջարկեց ինձ այնտեղ ուղարկել, իսկ հետո հորեղբայրներիս մոտ՝ Եվրոպա, բայց ես հրաժարվեցի, և նա կարծես թե համակերպվեց։
Այնուամենայնիվ, մեկնելուց առաջ վաղ առավոտյան մայրս ու հայրս կրկին սկսեցին համոզել, կարծես՝ պատրաստ էին լաց լինել․ դե, հասկանալի է՝ ծնող են: Ես նրանց ասացի՝ «Լավ, հիմա նորից կմտածեմ, ես դուրս եմ գալիս ոչ երկար ժամանակով»։ Վերցրեցի դրամապանակս ու դուրս եկա։ Որոշ ժամանակ անց զանգահարեցին, հարցնում են՝ «Որտե՞ղ ես։» Իսկ ես արդեն տղերքի հետ ավտոբուսում էի։
Նրանք, իհարկե, վախենում էին այդ 15 օրվա ընթացքում: Մեր հրամանատար Ռզգանը վերցրեց հեռախոսները և թույլ չտվեց շատ զանգել, որպեսզի անօդաչուները չֆիքսեն մեր տեղը: Ես երբեմն զանգահարում էի ծնողներիս և ասում. «Ամեն ինչ լավ է» և անջատում էի: Հետո թուրքերը (Հայաստանում, ադրբեջանցիներին հաճախ թուրքեր են ասում – Կալեմոն) հարվածեցին բջջային կապուղու աշտարակին, հինգ օրով կապն ընդհատվեց և չգիտես որտեղից մեր ծնողներին տեղեկություն էր հասել, թե իբր Ռզգանի ամբողջ ջոկատը զոհվել է։ Լավ էր՝ ընկերները զանգահարել էին պատգամավոր Բաքոյանին, և նա բոլորին հանգստացրել էր։

Նպատակասլացության մասին
Ինձ մեր հրամանատարը «արտիստ» էր անվանում։ Որովհետև ես դերասան եմ։ Ես «Աբել Աբելյանի արվեստի դպրոցում» եմ սովորել։ Ինքս դիմեցի, ինքնուրույն վճարեցի ուսմանս համար։
Ընտանիքում ես ամենակրտսերն եմ, ունեմ երկու ավագ քույրեր (նրանք ամուսնացած են), բայց ինձ երբեք չեն վերաբերվել որպես կրտսերի: Որոշումներ ես ինքս կայացրել եմ մանկուց: Օրինակ՝ իմ ընտանիքը չգիտեր, որ ես «Աբելյան» եմ ընդունվել: Արդեն երկու ամիս էր, ինչ Երևան էի գնում, երբ հայրս հարցրեց, թե ուր եմ գնում այդքան հաճախ: Ես ասացի, որ սովորում եմ:
Սովորելուց առաջ ես մարզվում էի, զբաղվում էի մարմնամարզությամբ։ Մի անգամ կոտրեցի մի դաստակս, մյուսն էլ՝ դուրս ընկավ տեղից։ Մինչ սպասում էի ձեռքերիս ապաքինմանը, ես խնայողություններ հավաքեցի ուսման համար, նույնիսկ ծխախոտի վրա չեմ ծախսել:
Ես մանկուց գիտեի, որ ուզում եմ դերասան դառնալ: Ուսման ավարտից հետո խաղացել եմ Սոս Սարգսյանի անվան թատրոնում, նկարահանվել «Իմ կամքից անկախ» գեղարվեստական ֆիլմում: Նկարահանումներն ընդհատվեցին, երբ սկսվեց Կովիդը: Հուսով եմ, որ մենք կվերսկսենք, երբ պատերազմն ավարտվի:
Գրում եմ նաեւ սցենարներ: Քահանաների մասին իմ սցենարով հետաքրքրվում էին Ամերիկայում, նրանք ասում էին, որ այնքան լավն է, որ չեն հավատում, թե ես եմ գրել այն: Պրոդյուսերները ցանկանում էին գալ Հայաստան, բայց կարանտինը սկսվեց: Ճիշտ է, ես այնտեղ քննադատում եմ քահանաներին (ժպտում է):

Իրական պատերազմի մասին
Շատ եմ կարդացել պատերազմի մասին, դիտել եմ ֆիլմեր: Բայց իրականությունը բոլորովին այլ է: Երբ մենք ռազմաճակատ մեկնեցինք, ես պատկերացնում էի, որ նստելու ենք խրամատներում ու կրակելու թուրքերի վրա: Բայց սա «մարդկային» պատերազմ չէ: Նրանց հետևակը այդպես էլ չերևաց: Բայց ամեն տեսակի տեխնիկայից կրակում էին դեպի մեզ՝ հրետանի, անօդաչու թռչող սարքեր:
Անօդաչուն սարսափելի զենք է, նույնիսկ 50 մետր հեռավորության վրա հարվածային ալիքի բեկորը կարող է խոցել մարդուն, և եթե նույնիսկ այն չի սպանում, ապա ահավոր վերքեր է պատճառում։
Դու լսում ես ձայն՝ ահավոր բարձր, հասկանում ես, որ դա դրոն է, բայց չգիտես՝ երեք տեսակներից ո՞ր մեկն է՝ հետախուզակա՞ն, որը տեղանքն է նկարում՝ հրետանուն տվյալներ փոխանցելու համար, մարտակա՞ն, որը արկեր է արձակում, թե կամիկաձեն, որն ընկնում և պայթում է։ Չգիտես, թե կոնկրետ որտեղ կպայթի, բայց հասկանում ես, որ հաջորդ վայրկյանին ընկերներիցդ մեկը կամ հենց ինքդ կարող եք չլինել։
Պատերազմի այս մեկ ամսվա ընթացքում ես կորցրեցի ևս մեկ ընկերոջ՝ հարևան գյուղից, նրա անունը Տիգրան Սահակյան էր։
Մենք 15 օր ինտերնետ չունեինք, և որևէ մեկը դա չէր էլ նկատում։ Քաղաքում մենք բոլորս հեռախոսների մեջ ենք՝ թե որքան են լայքել քո լուսանկարը, տարածե՞լ են արդյոք, ընկերներիցդ ո՞վ է որևէ բան գրել։ Իսկ այստեղ ընկերներ են դառնում համազգեստով մարդիկ, որոնք քո կողքին են։
«Լայքելու է, թե ոչ»-ի փոխարեն՝ կապրի, թե ոչ։

Վախի մասին
Ինձ համար ես չէի վախենում։ Դրա համար ժամանակ էլ չկար։ Մարդիկ, ովքեր դեռ երեկ քեզ անծանոթ էին, այսօր դառնում են ընտանիք։ Սկսում ես յուրաքանչյուրի համար անհանգստանալ, վախենալ յուրաքանչյուրի կյանքի համար։ Անհանգստանում ես քեզ ուտելիք հասցնող տղայի համար։ Մի փոքր ուշանում է՝ սկսում ես մտածել՝ հո մի բան չի՞ պատահել նրա հետ, հո կրակի տակ չի՞ ընկել։ Այդպիսի բան պատահել է, և 18-19 տարեկան տղաները զոհվել էին։ Դու պարզապես տագնապով սպասում ես, որ ողջ մնացած լինի։
Կամ զոհվածի ես տեսնում և պատկերացնում ես քեզ նրա ընտանիքի տեղում։ Ի՞նչ են նրանք զգում, գիտե՞ն արդյոք արդեն, թե հույսով սպասում են զանգի։ Ո՞վ է նա եղել։ Գուցե միակ որդի՞ն։ Գուցե ծնողները մեծացրել են՝ զրկելով իրենց ամեն ինչից։
Սիրտդ այնպես է ցավում նրանց համար, որ մտածում ես՝ թող որ ես թեկուզ հիմա զոհվեմ, միայն թե ոչ ոք էլ չզոհվի և, որ պատերազմը դադարի։
Անօդաչուները, հրետանային արկերը․․․ դրանց ինչ-որ տեղ արագ սովորեցինք, վախ չէի զգում։ Միայն մեկ անգամ մտածեցի՝ ինչու՞ ես եկա այստեղ։ Գիշերն ուժեղ անձրև տեղաց, մենք թրջվեցինք մինչև վերնաշապիկներ, բայց կրակ չվառեցինք, որ անօդաչուները մեզ չնկատեն։ Մեր հրամանատարը չէր թույլատրում անգամ ծխախոտ վառել։ Բոլորով միասին չէինք հավաքվում և չէինք մտնում խրամաբջիջ․ նրանք կրակի տակ էին առնում հիմնականում տեխնիկան և ապաստարանները։ Բայց այ անձրևներին ես սովոր չէի, զգացնել էր տալիս զինվորական պատրաստության բացակայությունը (ծիծաղում է)։
Պատերազմում շատ բան կախված է հրամանատարներից։ Մեր հրամանատար Ռզգանը առանձնահատուկ մարդ է։ Նա կռվել է Ղարաբաղի առաջին պատերազմում։ Մենք 42 տղամարդիկ էինք (չորս հայեր, մնացածը՝ եզդիներ) և բուժքույր Դիլբարը, բոլորը 25-60 տարեկան, և մենք բոլորս կգնայինք նրա հետևից, որտեղ որ նա հրամայեր։

Հերոսների մասին
Մենք մի տղա ունեինք՝ մոտ 26 տարեկան, այնքան փոքրամարմին, թույլ, ամենևին ոչ «մարտական», ես անընդհատ մտածում էի ՝ ինչու՞ է նա ընդհանրապես եկել այստեղ: Մեր ջոկատի կեսն առանձնացավ և մի քանի օր անցկացրեց առաջնագծում ՝ օգնելով զսպել հարձակումը: Մարտից հետո մենք ունեցանք երեք զոհ և մեկ վիրավոր մեկ այլ ջոկատի կազմից:
Ադրբեջանցիները, եթե երկուսով են և մեկին կրակել են ոտքից, մյուսը շրջվում և փախչում է ՝ պարզապես իր կյանքը փրկելու համար: Բայց մեր տղաները, այդ թվում և այդ տղան, որոշեցին դուրս բերել և՛ վիրավորին, և՛ դիակները։ Տարածքը գտնվում էր ադրբեջանական կրակի տակ, նրանք շատ հանգիստ կարող էին զոհվել, մարմինները միևնույն է՝ անշնչացել էին, բայց ոչ՝ անգամ մեր զոհվածներին չի կարելի թողնել թշնամուն։ Չէ որ նրանք ծնողներ ունեն, եթե ողջ չեն տեսնի, գոնե թող մարդկային ձևով հուղարկավորեն։
Ահա այդ տղաներն իմ համար հերոսներ են։

Հայրենիքի մասին
Կան մարդիկ, ովքեր ասում են ՝ հանձնեք հողերը, թող մեր արյունը դադարի հոսել: Բայց ով այդպես է ասում, չի հասկանում, որ իրենց Արցախը պետք չէ: Կորցրեցինք Արցախը՝ կկորցնենք Հայաստանը, կդադարենք գոյություն ունենալ։
Այդքան մարդիկ զոհվեցին՝ պաշտպանելով այդ հողերը։ Ինչպե՞ս կարելի է թշնամուն տալ հողը, որը պաշտպանվել է արյամբ։
Երբ ես մտածում եմ հայրենիքի պաշտպանության մասին, առաջին հերթին իմ աչքերին են գալիս մեր այն վանքերն ու սրբավայրերը, որոնք նրանք ոչնչացրել են։ Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ նրանց ոչնչացնել սրբավայրերը, որտեղ վառված ամեն մի մոմ որևէ մեկի երազանքն է։
Առաջին օրը, երբ մենք բարձրացանք դիրքեր, այնտեղ կանգնած էր ռազմական տեխնիկայով ԶԻԼ: Նրա վրա արկ ընկավ և այն այրվեց: Մենք մոտեցանք և վառվող մեքենայում ինչ-որ ոտք տեսանք։ Մենք պետք է առաջ գնանք, որ այլևս ստիպված չլինենք տեսնել դիակներ։ Յուրաքանչյուր զոհ ինչ-որ տան ճրագն էր, հույսը։ Մենք պարտավոր ենք առաջ գնալ, քանի դեռ պատերազմը վերջնական չի ավարտվել և ոչ թե այնպես, որ ասենք՝ մի երկու տարուց նորից հեռուստացույցով տեսնենք, որ ադրբեջանցիները նորից հարձակվել են մեզ վրա։
Մենք բոլորս խաղաղություն ենք ուզում։ Բայց ես մտածում եմ՝ պատերազմը չի ավարտվի, քանի դեռ երեքամյա երեխային չեն դադարի ներշնչել, որ նա պիտի մարդասպան դառնա։ Մենք մեր երեխաների մեջ ատելություն չենք սերմանում։ Մենք սպանում ենք միայն այն ժամանակ, երբ հարձակվում են մեզ վրա։
Բայց եթե մենք զենք ենք վերցնում, ուրեմն մենք այնքան մարտական ոգի ունենք և փոխօգնության ենք հասնում, որ երբեք քիչ չի լինի։ Հանգստի շատ քիչ րոպեներին լինում էր, որ երգում էինք, պատմում էինք մեր ընտանիքների մասին, կարոտում էինք հարազատներին և ընկերներին, մտածում էինք՝ շուտով տուն կվերադառնանք։ Հիմա վերադարձել ենք և տեղներս չենք գտնում, ուզում ենք ետ գնալ։
Անընդհատ մտածում ես՝ իսկ ինչպե՞ս են այնտեղ մերոնք։ Միգուցե հետևակն արդեն հարձակվե՞լ է։ Եթե այո, լավ կլիներ, որ մենք էլ այնտեղ լինեինք։ Որքան շուտ, այնքան լավ։

Ծիծաղելի դեպքերի մասին
Մի առավոտ շատ ցուրտ էր, և ես որոշեցի երկրորդ տաբատը հագնել: Քաշեցի իմ տաբատը վերև և հանկարծակի՝ հարված, արկն ընկավ մոտակայքում: Մենք շտապեցինք վազել, ես մի ձեռքով բռնել էի շալվարիս ոտքը, դա ահավոր անհարմար էր, իսկ կողքից երևի շատ ծիծաղելի էր:
***
Ադրբեջանցիները թվիթերում գրել էին, որ հայերի կողմից սիրիացի վարձկաններ են կռվում և որպես ապացույց տեղադրել էին մեր ջոկատի լուսանկարները։ Հիմա ես կտրել եմ մազերս, սափրվել եմ, բայց նայում եմ երկար մազերիս, իմ և ընկերներիս մորուքը լուսանկարներում, կարծես մոջահեդներ լինենք։
***
Ես իմ հետ վերցրել էի ծխախոտ, սանր, օծանելիք և հակաքրտինքային միջոց։ Տղաները ծիծաղում էին ասելով՝ դու ի՞նչ է՝ եկել ես ֆիլմու՞մ նկարվես։ Թե մտածում ես, թե թուրքը մոտենալու է, հոտ է քաշելու և ասելու է՝ «օ՜ ինչպիսի թարմություն, սրան ես չեմ սպանի՞»։
Նյութը պատրաստվել է Կալեմոն նախագծի և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի համագործակցությամբ։
Զրույցը՝ Հասմիկ Հովհաննիսյանի
Թարգմանությունը՝ Մրազ Ազիզի