Սիրիական ճգնաժամը և Սինջարի եզդիների համար հնարավոր վտանգները


Վերջին օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում են հայտնվել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Մի քանի ժամվա ընթացքում «Թահրիր ալ-Շամ» և այլ տարբեր զինված խմբավորումները կարողացել են գրավել խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը՝ Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքը Դամասկոսից հետո:

Այս դեպքերի համատեքստում չափազանց էական է հասկանալ՝ արդյո՞ք ծայրահեղական զինված խմբավորումների աճը և տարբեր ուժային կենտրոնների կողմից նրանց աջակցելը, իսկ երբեմն՝ դրսևորվող անտարբերությունն ու անգործությունը կարող են ստեղծել իրական վտանգներ Իրաքի և հատկապես եզդիաբնակ Սինջարի համար, որը դեռևս չի ապաքինել իր վերքերը 2014-ի ցեղասպանությունից հետո։ Դատելով տարբեր տեղեկատվական հոսքերից ու վերլուծաբանների կարծիքներից, այս օրերին նման վտանգը կարող է առավել քան իրական լինել։ Թեև չի բացառվում, որ Իրաքում 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունները կրկնվեն, սակայն վերջին օրերին հուսադրող է դառնում այն, որ Իրաքի անվտանգության ուժերը, ինչպես նաև «Հաշդ ալ-Շաաբի» ուժերը, որոնք ունեն ռազմական ներկայություն եզդիբնակ երկրամասում, զգալիրեն ամրապնդում են իրենց մարտական զգնոնությունը՝ պատրաստ լինելու դիմագրավելու հնարավոր հարձակումներին։ 

Ներկա փուլում Իրաքն ուժեղացված անվտանգային միջոցառումներ է  ձեռնարկում՝ վերահսկելու սահմանները և կանխելու 2014 թվականի սցենարի կրկնությունը, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավեց Իրաքի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլը և ներխուժեց եզդիբանակ Սինջար։ 

Շատ վերլուծաբաններ համոզված են, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները արդյունք են ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի միջազգային քայլերի՝ ուղղված Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը, Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը Սիրիայում և Գոլանի ճակատում անվտանգության ապահովմանը: Մինչդեռ սիրիական ընդդիմադիր շրջանակները հերքում են միջազգային միջամտությունը՝ հայտարարելով, որ սա «ժողովրդական հեղափոխություն» է Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ: 

Այժմ Հալեպ քաղաքի 75%-ը վերահսկվում է «Թահրիր ալ-Շամ» խմբավորման և դաշնակից այլ խմբերի կողմից: Սա առաջին դեպքն է 2016 թվականից ի վեր, երբ զինված խմբերը մուտք են գործում Հալեպ, որը վերահսկվում էր Ասադի կառավարության կողմից: Ի դեպ՝ կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ այս զինված խմբավորումներում մեծապես ներգրավված են այն անձինք, որոնք 2014-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում մասնակցել են եզդիների ջարդերին Սինջարում։ Այս իմաստով՝ Սիրիայում և հատկապես Հալեպում տիրող իրավիճակն ավելի սուր է դարձնում ազգային ու էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների վիճակը, որոնք Սինջարում նախկինում մեծապես տուժել են նմանատիպ զարգացումներից: Հաղորդվում է, որ Հալեպում և հարակից շրջաններում ապրող ավելի քան 5000 եզդիներ կարող են դառնալ ծայրահեղական զինյալների թիրախը։

Թեև Իրաքի քաղաքագիտական և ռազմական շրջանակներից արվող հուսադրումներին և հավաստիացումներին, որ նման սցենար, ինպես որ եղավ 2014-ին Սինջարում, չի կրկնվի, այնուամենայնիվ  եզդիների շրջանում կան լուրջ անհանգստություններ և մտահոգություններ։

Իսկ որո՞նք են այս համատեքստում Սինջարի եզդիների վտանգներն ու մարտահրավերները․

  1. Անվտանգության սպառնալիքներ: Սինջարը հաճախ է դառնում հակամարտությունների գոտի, հատկապես Թուրքիայի և քրդական քաղաքական տարբեր կուսակցությունների և նրանց ռազմական ներկայությունների միջև հակամարտությունների ֆոնին: Սա մեծացնում է եզդիների տեղահանման և անվտանգության խնդիրները:
  2. Հիշողության վերքեր: 2014-ին «Իսլամական պետության» ցեղասպանական գործողությունների հետևանքով բազմաթիվ եզդիներ զոհվեցին, իսկ հազարավոր կանայք ենթարկվեցին բռնությունների ու վաճառվեցին ստրկության: Այդ ողբերգության վերքերը դեռ բաց են:
  3. Տնտեսական և սոցիալական վերականգնման խնդիրներ: Սինջարում բնակվող եզդիները շարունակում են բախվել վատ տնտեսական պայմաններին, կրթության և առողջապահության սահմանափակ հնարավորություններին:
  4. Մշակութային ու կրոնական վտանգներ: Եզդիները բախվում են ոչ միայն ֆիզիկական, այլև մշակութային ու կրոնական սպառնալիքների, որոնք ուղղված են նրանց ինքնության ոչնչացմանը:

Այս համատեքստում միջազգային կազմակերպությունների, գերտերությունների և միջազգային այլ դերակատարների աջակցությունը կարևոր է՝ ապահովելու եզդիների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև նրանց պատմական բնօրրանի՝ Սինջարի վերականգնումն ու զարգացումը։ 

Մուրազ Շամոյան




4 thoughts on “Սիրիական ճգնաժամը և Սինջարի եզդիների համար հնարավոր վտանգները”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *