Աննա Խալիլյանը համոզված է՝ կարծրատիպերը հաղթահարելը հնարավոր է, եթե կա թեկուզ փոքր աջակցություն ընտանիքի կողմից։ Նրա խոսքով՝ 21-րդ դարում դեռ ցավալի է պայքարել կրթություն ստանալու իրավունքի համար․
«Հաղթահարելը բարդ չէ, եթե նույնիսկ մի փոքր աջակցություն կա։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, և նույնիսկ ամոթ է խոսել ու պայքարել բազային իրավունքների համար։ Մարդկության առաջ հիմա ավելի լուրջ խնդիրներ են դրված, իսկ մենք դեռ պայքարում ենք գոնե դպրոցն ավարտելու իրավունքի համար»։
Ընտանիքի աջակցությունը՝ հաջողության հիմքում
Աննա Խալիլյանը ազգությամբ եզդի է։ Նա գերազանցությամբ ավարտել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Այժմ բնակվում է Ռուսաստանում։ Ժամանակավորապես չի աշխատում, սակայն ասում է, որ պատրաստվում է խորացնել իր գիտելիքները և աշխատանք կգտնի տվյալների հետազոտման ոլորտում։
«Ես գիտեմ, որ 21-րդ դարում մեր համայնքում շատերի համար կրթություն ստանալը երազանք է, իսկ իմ դեպքում դա հեշտ ստացվեց, որովհետև ծնողներիս մեծ նպատակն էլ էր հենց դա։ Ես շատ բաների հասել եմ հենց նրանց աջակցության շնորհիվ»,- ասում է Աննան։
Նրա խոսքով՝ անձամբ ինքը երբեք չի զգացել այնպիսի ճնշում, որը կխոչընդոտեր իր ընտրություններին, քանի որ ծնողները միշտ կանգնել են իր կողքին և թույլ չեն տվել, որ արտաքին ճնշումները հասնեն իրեն։
«Ինչպես արդեն նշեցի, ես նման ճնշում չեմ զգացել, որովհետև ծնողներս պարզապես թույլ չեն տվել, որ դա ազդի ինձ վրա։ Իմ ճանապարհին եղել են և՛ քննադատողներ, և՛ աջակցողներ, ու հաստատ չեմ կարող ասել, որ աջակցողները քիչ են եղել։ Ես գիտեմ, որ հատկապես եզդիական շատ գյուղերում սա իսկապես լուրջ խնդիր է, բայց քանի որ ես և իմ բարեկամների մեծ մասը մեծացել ենք հայկական գյուղերում, մտածելակերպը որոշ չափով տարբեր է եղել։ Այդ պատճառով ճիշտ չէ ամբողջ համայնքի մասին միայն բացասական պատկեր ներկայացնել։
Փնովողներն ու քննադատողները շատ հաճախ լռում են, երբ տեսնում են, որ իրենց խոսքը ոչինչ չի փոխում։ Ես երբեք հետ չեմ կանգնել իմ նպատակներից և մեր ընտանիքում երբեք չենք առաջնորդվել այն մտքով, թե այս կամ այն մարդն ինչ կմտածի մեր մասին»։
Աննայի խոսքով՝ իր ճանապարհին ամենամեծ հենարանը մայրն է եղել։
«Եթե համայնքում ուզենաք գտնել ուժեղ կին, ես ուղղակի կտամ մայրիկիս հասցեն։ Իմ նպատակը նրա նման ուժեղ դառնալն է»։
Նա ասում է, որ մոր աջակցությունը միշտ զգացել է՝ անկախ հանգամանքներից։
«Մայրիկիս աջակցությունը միշտ եմ ստացել։ Նա այնպես է արել, որ նույնիսկ ինձ ամենամոտ մարդիկ, ովքեր սկզբում դեմ են եղել իմ որոշումներին, ժամանակի ընթացքում փոխեն իրենց կարծիքը։ Եթե ինձ մեկ բառով հարցնեն՝ ինչ կցանկանամ մաղթել իմ ազգի աղջիկներին, ես մեկ պատասխան կունենամ՝ իմ մոր նման մայր։ Եթե աղջիկների թեկուզ կեսն ունենա նման աջակցություն, հավատացեք, շատ խնդիրներ ինքնաբերաբար կլուծվեն։ Ես դրանում վստահ եմ»։

Լուսանկարները՝ Աննա Խալիլյանի անձնական արխիվից
«Վաղ ամուսնությունը մնացած խնդիրների գլխավոր պատճառն է»
Խոսելով համայնքի կանանց խնդիրների մասին՝ Աննան առանձնացնում է վաղ ամուսնությունները։
«Սա ամենամեծ խնդիրներից մեկն է, որովհետև հենց վաղ ամուսնության պատճառով են առաջանում հիմնական մյուս խնդիրները»։
Նրա խոսքով՝ վաղ ամուսնությունը հաճախ նշանակում է, որ աղջիկը կիսատ է թողնում իր կրթությունը, իսկ մասնագիտական զարգացման և կարիերա կառուցելու հնարավորությունները շատ դեպքերում ընդհանրապես փակվում են։
Աննան կարծում է, որ վաղ տարիքում մարդը դեռ չունի կյանքի բավարար փորձ և հասունություն՝ իր ապագայի համար նման կարևոր որոշում կայացնելու։ Նրա համոզմամբ՝ կյանքի ուղին, հատկապես ամուսնության նման շրջադարձային որոշումը, պետք է ընդունել այն տարիքում, երբ մարդն արդեն լիարժեք գիտակցում է դրա պատասխանատվությունն ու հետևանքները։
Նրա խոսքով՝ երբ կինը բարձրաձայնում է իր խնդիրների կամ իրավունքների մասին, հաճախ նրան մեղադրում են ծնողներին, ամուսնուն կամ մեծերին չհարգելու մեջ։
«Շատ կարծրատիպեր հենց այդպես էլ ներկայացվում են՝ որպես հարգանք դեպի ազգը կամ մեծերը։ Բայց, ըստ իս, հարգանքը պետք է նաև փոխադարձ լինի։ Եթե ես, օրինակ, հիմա չեմ ուզում ամուսնանալ ու ուզում եմ, ենթադրենք, մասնագիտություն ձեռք բերել, դա չի նշանակում, որ ես չեմ հարգում իմ ծնողի կարծիքը»։
Աննան ընդգծում է, որ վաղ տարիքում ստեղծված ընտանիքներում շատ հաճախ կողմերը դեռ պատրաստ չեն ընտանեկան կյանքի պատասխանատվությանը։ Արդյունքում ձևավորվում են ոչ ամուր և ոչ առողջ ընտանիքներ, որտեղ առաջացող խնդիրներն իրենց ազդեցությունն են թողնում նաև երեխաների դաստիարակության վրա։ Նրա համոզմամբ՝ հենց ընտանիքում է ձևավորվում ապագա սերունդը, և եթե ընտանիքի հիմքը կայուն չէ, դժվար է ակնկալել առողջ հասարակության ձևավորում։
Երիտասարդ աղջիկներին Աննան խորհուրդ է տալիս չհամակերպվել և չկորցնել իրենց ուժը։
«Փորձեք թեկուզ մի փոքր բան փոխել ձեր կյանքում։ Հավատացե՛ք, փոքր բաներից շատ մեծ փոփոխություններ են սկսվում։ Յուրաքանչյուրը պետք է փորձի ինչ-որ բան փոխել հենց իր ընտանիքում։ Որքան առողջ ընտանիքներ ունենանք, այնքան ավելի առողջ կլինի նաև համայնքը»։
Թեև այժմ Աննան բնակվում է Ռուսաստանում, ասում է, որ դեռ չի հասցրել ամբողջությամբ ճանաչել այնտեղի եզդիական համայնքը։
«Ռուսաստանում նույնպես բավական մեծ եզդիական համայնք կա, բայց դեռ չեմ հասցրել լավ ճանաչել այն։ Հնարավոր է՝ որոշ տարբերություններ լինեն Հայաստանի համայնքի համեմատ, սակայն չեմ կարծում, որ այստեղ այդ խնդիրները չկան։ Գուցե այստեղ որոշ հարցերում խստությունն ավելի է զգացվում։ Միաժամանակ կարծում եմ, որ այստեղ ավելի մեծ է նաև ասիմիլացվելու վտանգը, քան Հայաստանում»։
Աննան ասում է, որ նույնիսկ եթե մի օր վերադառնա Հայաստան, չի կարծում, թե միայնակ կկարողանա արմատական փոփոխություններ իրականացնել։
«Ես միայն իմ օրինակով կարող եմ ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է։ Եվ եթե թեկուզ այդ ճանապարհով կարողանամ թեկուզ մեկ մարդու կյանքում դրական փոփոխություն բերել, ինձ իսկապես երջանիկ մարդ կհամարեմ»։
Հեղինակ՝ Գոհար Սարգսյան
Այս նյութը ստեղծվել է «Դիմակայության ձայներ». փոքրամասնությունների կանայք՝ հանուն խաղաղության և ներառականության» ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության և կառավարության ֆինանսական աջակցություն՝ «Պատերազմի խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները հաստատված են և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների հետ։
