Ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանման խնդիրները Հայաստանում


«Գյուղում, ցավոք, չկա այնպիսի տեղ, որտեղ մարդիկ զբաղվեն պարով, երգով կամ ընդհանրապես մշակույթով, որպեսզի կարողանան շարունակել այդ ամենը։ Ես ինքս խաղացել եմ եզդիական թատրոնում, բայց չհաջողվեց շարունակել»։

Ինչո՞ւ հարցին ի պատասխան նա նշում է.

«Տեղ չկար։ Ամեն անգամ մեկիս տուն էինք գնում պարապմունքների»։

Զոհրաբ Շառոևը, ով բնակվում է Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, պատմում է համայնքի մշակույթի պահպանության դժվարությունների մասին։ Զրույցի ընթացքում նա հիշում է պապի պատմածները այն ժամանակների մասին, երբ հեռուստացույց կամ համացանց չկար։ Նշում է, որ այդ պայմաններում եզդի հոգևոր դասի ներկայացուցիչները՝ փիրերը և շեխերը, հավաքվում էին «Օդա» կոչված սենյակում և պատմում իրենց տոների, երգերի ու պարերի մասին.


«Մեր մշակույթը հիմնականում փոխանցվել է բանավոր՝ առանց գրականության, սերնդեսերունդ։ Մինչև այսօր պահպանվել է, բայց ուզում ենք, որ ավելի խորությամբ պահպանվի, որովհետև զգացվում է, որ ժամանակի ընթացքում այն կորչում է՝ ոչ միայն մեր, այլև շատ ազգերի մոտ»։

Ցավով նշում է, որ երիտասարդները հիմա ճանաչում են հիմնականում ժամանակակից երգիչներին, հին երգիչների մասին տեղեկություն չունեն։ Նրա առաջարկն է.

«Եթե հեռուստատեսությամբ կամ ինտերնետով թեկուզ շաբաթական մեկ-երկու ժամ ներկայացնեին մեր հին երգիչներին, երիտասարդները կտեսնեին և կզգային, որ ունեցել ենք լավ երգիչներ նաև 50-ական, 60-ական, 70-ական թվականներին»։

Երբ հիշեցրինք, որ Հանրային ռադիոյով աշխատանքային օրերին՝ կես ժամով, իսկ շաբաթ-կիրակի օրերին՝ մեկ ժամով եզդիերենով հաղորդում կա, նա արձագանքեց.

«Տեղյակ չեմ։ Ճիշտն ասած, ռադիո չեմ լսում, երևի դա է պատճառը»։

Այս խնդրի մասին խոսվել է նաև պետական մակարդակով։ Փետրվարի 11-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը բարձրաձայնեց, որ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը՝ եզդիական համայնքը, չունի ոչ մի երգի կամ պարի խումբ, ինչը, ըստ նրա, մշակույթի պահպանման լուրջ խնդիր է։

Պատգամավորն իր ելույթում նշել է.

«Մշակույթի պահպանման առումով, կարծում եմ, մենք լուրջ խնդիրներ ունենք։ Նույն 40-հազարանոց համայնքը չունի ոչ մի հատ պարի խումբ… Եթե ես վաղը ուզեմ ձեզ կամ վարչապետին հրավիրել որևէ եզդիական միջոցառման, չկան խմբեր, ովքեր կկարողանան ներկայացնել եզդիական մշակույթը»։

(Հարկ է նկատել, որ թեև պատգամավորը նշում է 40,000 թիվը, սակայն վերջին պաշտոնական մարդահամարի տվյալներով համայնքի թիվը շուրջ 31,000 է):

Այս հաղորդմամբ փորձել ենք հասկանալ՝ պետությունն ի՞նչ նախաձեռնություններ է իրականացնում ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի համար, ինչպե՞ս են համայնքներն արձագանքում ստեղծված իրավիճակին և ինչի՞ կարող է հանգեցնել մշակույթի կորուստն ազգային փոքրամասնությունների համար։

 

Մշակույթ առանց ենթակառուցվածքների

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացել ենք, թե մարզերում քանի՞ գործող մշակութային կենտրոն կա ազգային փոքրամասնությունների համար, որքա՞ն է դրանց շահառուների թիվը և ինչպիսի՞ ֆինանսավորում են ստանում այդ կենտրոնները։

Հարցմանն ի պատասխան հայտնել են, որ կրթական և մշակութային կենտրոններ գործում են Արարատի մարզի Վերին Դվին համայնքում (մոտ 1,200 շահառու), Լոռու մարզի Վանաձոր քաղաքում (մոտ 10 ուկրաինական և 50 ռուսական համայնքի ներկայացուցիչ), ինչպես նաև Լերմոնտովո բնակավայրում (80 շահառու), Տավուշի մարզում՝ Իջևանում (25 շահառու) և Դիլիջանում (40 շահառու), Սյունիքի մարզի Կապան քաղաքում (25 շահառու)։

Պատասխանից պարզ է դառնում նաև, որ նշված կենտրոններից ոչ մեկը պետական ֆինանսավորում չի ստանում։ Միայն Լերմոնտովո համայնքի մշակույթի կենտրոնն է գործում որպես համայնքային բյուջետային կազմակերպություն։ Միաժամանակ՝ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում նման կենտրոններ ընդհանրապես բացակայում են։ Սա հատկապես խնդրահարույց է, քանի որ եզդիական համայնքի մեծ մասը բնակվում է հենց այն մարզերում, որտեղ նման կենտրոններ չկան։

Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ընդհանուր հարթակը, որի նպատակն էր տարածք տրամադրել նրանց կրթական և մշակութային գործունեության համար, 2006 թվականից նախատեսված է եղել Երևանում՝ Սարյան 22 հասցեի 14-րդ և 15-րդ հարկերում (Ազգությունների մշակույթի կենտրոն)։ Ներկայում կենտրոնի գործունեությունը ժամանակավորապես տեղափոխվել է Երևանի թիվ 114 դպրոցի երկրորդ մասնաշենք, որտեղ տեղակայված է նաև Վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը (տես՝ 9-10-ը)։

Ըստ բաժնից ստացված պատասխանի՝ այստեղ ներկայում գործում են հունական, վրացական, բելառուսական, ուկրաինական, գերմանական, ռուսական և ասորական համայնքների կիրակնօրյա դպրոցներ, ինչպես նաև կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։

Մենք հետաքրքրվել էինք նաև՝ արդյոք տեղյակ են, որ մարզաբնակ ազգային փոքրամասնությունները, մասնավորապես՝ եզդիական համայնքը, մշակութային կենտրոնների կարիք ունի։ Ի պատասխան նշվել է, որ այս հարցը բարձրացվել է դեռ տարիներ առաջ և քննարկվել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստերում, որի արդյունքում որոշվել է, որ դպրոցները պետք է դառնան համայնքային մշակութային և սպորտային կենտրոններ (տես՝ 6-7-ը)։

Կարճաժամկետ ծրագրեր՝ երկարաժամկետ խնդրի լուծման համար

Հայաստանի միջազգային պարտավորությունները մշակութային ոլորտում ձևավորվում են, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք կոնվենցիաներով։ Հայաստանը միացել է 1972 թ․ «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային, ինչպես նաև 2003 թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության» և 2005 թ․ «Մշակութային բազմազանության վերաբերյալ» կոնվենցիաներին։

Եվրոպայի խորհրդի շրջանակում Հայաստանը վավերացրել է «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիան, որով պարտավորվում է ապահովել ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի և ինքնության պահպանման պայմանները։ ՀՀ Սահմանադրությունը ևս երաշխավորում է ազգային փոքրամասնությունների ինքնության, լեզվի և մշակույթի պահպանման իրավունքը։

2019-ի մայիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը։ Այն խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկված են պետական կառույցների և ազգային փոքրամասնություններին ներկայացնող երկուական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խորհրդի քննարկումներից մեկն ուղղված է պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների ՀԿ-ներին հատկացվող ֆինանսավորման չափին ու բաշխմանը։

2026 թ. պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների ՀԿ-ներին հատկացվել է 25,000,000 դրամ, որից բաշխվել է 23,998,000 դրամը՝ 11 համայնք ներկայացնող կազմակերպությունների միջև։ Խոշոր հատկացումներից են՝ եզդիական համայնքին՝ 4,418,000 դրամ, հունականին՝ 3,668,000 դրամ, ասորականին՝ 2,328,000 դրամ, ռուսականին՝ 1,718,000 դրամ։ Ֆինանսավորում ստացել են նաև ուկրաինական, բելառուսական, հրեական, վրացական, գերմանական, լեհական, քրդական և ուդիական համայնքների կազմակերպությունները։ Կազմակերպությունները հիմնականում կարճաժամկետ ծրագրեր են իրականացրել ստացված գումարով։

ԿԳՄՍ նախարարությունն էլ իր հերթին նշում է, որ մշակույթի պահպանմանն ուղղված քայլերից առանցքայինը ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլին տրված աջակցությունն է «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային ծրագրով. 2026-ին հատկացվել է 9.6 մլն դրամ, որը բաշխվել է ութ պարբերականների միջև։

Նախարարությունը նաև հավելել է, որ 2025-ին իրականացվել է նաև «Տանիքը՝ Հայաստան» մշակութային ծրագիրը՝ ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ։ 2026-ի փետրվարի 21-ին էլ՝ Մայրենիի օրվա շրջանակում, հայտարարվել է ազգային երգ ու պարի հեղինակային տեսանյութերի մրցույթ, որին մասնակցել է շուրջ 500 հանրակրթական դպրոց: Ըստ նախարարության պատասխանի՝ հաշվի առնելով ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանման կարևորությունը՝ մրցույթի շրջանակում խրախուսման են ներկայացվել Կոտայքի մարզի Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան և Արարատի մարզի Հովտաշենի Վարդան Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցները։

Երբ համայնքն ինքն է ստեղծում համակարգը

Մշակույթի պահպանության պատկերը որոշ չափով տարբեր է հունական համայնքի դեպքում։ Այստեղ գործում են կազմակերպված կառույցներ, օրինակ՝ պարային խմբեր և մշակութային միություններ։

«Քանի որ ես շատ-շատ սիրում եմ ազգայինը և ունեմ հունական արմատներ՝ տատիկս հույն է, այդ իսկ պատճառով ուզում էի ավելի լավ ճանաչել իմ երկրորդ ազգության մշակույթը, հատկապես պարային ոլորտում, որովհետև դա իմ ամենահոգեհարազատ ոլորտներից մեկն է»։

Սոնա Նասիբյանը Երևան նոր է տեղափոխվել Ալավերդի քաղաքից։ Այնտեղ գործող «Ակմի» հունական երգչախմբի սաներից է։ Կիսով չափ հույն է, կիսով չափ՝ հայ։ Երևանում ապրելով էլ հաճախում է 114-րդ դպրոցում գործող հունական պարերի դասերին.

«Հնարավորությունները իրականում շատ են։ Վերջերս ընկերներիս հետ՝ հույն երիտասարդներով, Հունաստան ենք գնացել էքսկուրսիայի և շատ նոր բաներ ենք սովորել։ Դրանից հետո մեր մեջ հետաքրքրվածությունն էլ ավելի է մեծացել»։

Հունական պարերն այստեղ դասավանդում է Դիանա Սմբատյանը։ Նա Հայաստանի հույն երիտասարդների կրթամշակութային միավորում «ՆԻՍԻ» կազմակերպության նախագահն է։ Դիանայի խոսքով՝ համայնքում կարևոր տեղ ունեն նաև ազգային պարերը, որոնց ուսուցումը դիտվում է ոչ միայն որպես արվեստ, այլև ինքնության պահպանման միջոց.

«Լեզուն կրելը, պարերը իմանալը և պարելը, երգերը իմանալն ու երգելը քեզ կապում են այդ մշակույթի հետ։ Այդպես դու ինքդ դառնում ես այդ մշակույթի կրողը և նաև փոխանցողը»։

Մարիա Լազարևան Հայաստանի հունական համայնքների միության նախագահն է։ Միության գործունեության ֆինանսավորումը ձևավորվում է երկու հիմնական աղբյուրից։ Առաջինը Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող աջակցությունն է, որն ուղղվում է ընթացիկ ծախսերին և կարևոր ծրագրերին, օրինակ՝ ամառային ճամբար իրականացնելուն։ Ֆինանսավորման երկրորդ հիմնական աղբյուրը Հունաստանի կառավարության կողմից սփյուռքի հույներին տրամադրվող աջակցությունն է։ Բացի այդ, ըստ նրա գոյություն ունեն նաև անդամավճարներ և նվիրատվություններ։

«Առաջին կազմակերպված հունական կառույցները ձևավորվել են արդեն Հայաստանի անկախությունից հետո։ Դրանց հիմնական նպատակներն էին լեզվի և մշակութային ինքնության պահպանումը»։

Միության ներսում, Լազարևայի խոսքով, գերակայում է ոչ թե գործընկերային, այլ «ընտանեկան» մոդելը։

«Օրինակ՝ եթե Ալավերդու համայնքի երգչախմբի համար պատրաստվում են տարազներ, դրանք հետագայում օգտագործվում են նաև այլ համայնքների կողմից՝ Գյումրիում, Նոյեմբերյանում կամ Երևանում»։

Լազարևան ընդգծում է, որ հենց այդ համերաշխ մթնոլորտն է համայնքի զարգացման հիմնական շարժիչ ուժը։

Մշակույթը որպես ինքնություն

Մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի խոսքով՝ մշակույթը ինքնության առանցքային բաղադրիչներից է, սակայն այն մշտապես փոփոխվում է։ Նա ընդգծում է, որ մշակութային փոփոխությունը միշտ չէ, որ պետք է դիտարկել որպես կորուստ.

«Շատ դժվար է ասել՝ օրինակ հայերը, որ Հայաստանում մեծամասնություն են, եթե պարի ինչ-որ մի էլեմենտ, որը կար 19-րդ դարում, այսօր չի պահպանվել, դա մշակույթի կորո՞ւստ է, թե՞ մշակութային տրանսֆորմացիա»։

Միևնույն ժամանակ՝ Խառատյանը տարբերակում է մեծամասնության և փոքրամասնության իրավիճակները.

«Եթե կորում է մշակութային ժառանգությունը, որոշակիորեն կա ինքնության կորուստ կամ փոփոխություն, և մեծանում է հավանականությունը, որ համայնքը կձուլվի մեծամասնական միջավայրում»։

Նա նաև կարևորում է պետական քաղաքականության վրա ազդելու կարևորությունը և հավելում, որ թեև որոշ քայլեր արվում են, սակայն ընդհանուր համակարգային մոտեցում չկա։

«Կարծում եմ՝ համայնքը պետք ա ինքն իր ներսում որոշի իր առաջնահերթությունները և հենց դրանց հիման վրա փորձի ազդել պետական քաղաքականության վրա, որպեսզի նույնիսկ փոքր ծավալի աջակցությունը ուղղվի հենց էդ առաջնահերթություններին»։

Խառատյանը դրական է համարում ԵՊՀ-ում ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության հետազոտական խմբի ստեղծումը, ինչը կօգնի թե՛ մշակույթի պահպանմանը, թե՛ լեզվի ակտիվ օգտագործմանը։

Ակտիվություն և ռիսկեր

Սակայն ակտիվությունը միշտ չէ, որ անվտանգ է։ Այս համատեքստում եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործը ցույց է տալիս, որ համայնքային ակտիվությունը կարող է նաև ռիսկեր առաջացնել։

2020-ի հոկտեմբերի 3-ին ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց նրա նկատմամբ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքով։ Մի շարք միջազգային կազմակերպություններ (Human Rights Watch, Front Line Defenders, Amnesty International և Freedom House) այս գործը գնահատել են որպես խոսքի ազատության անհամաչափ սահմանափակում։

Սուլթանյանը լքել է երկիրը և ստացել միջազգային պաշտպանություն՝ դադարեցնելով իր հանրային գործունեությունը։
Այս իրավիճակը կարող է զսպող ազդեցություն ունենալ համայնքային ներգրավվածության վրա։

Եզրակացություն

Այսպիսով, չնայած առկա ծրագրերին և ֆինանսավորմանը, փորձագետը համակարծիք է՝ ոլորտում բացակայում է համակարգային մոտեցումը։ Չկան հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն մշակութային ժառանգության շարունակական փոխանցում, համայնքների երկարաժամկետ զարգացում և ենթակառուցվածքների ստեղծում։ Խնդիրը միայն ֆինանսավորումը չէ. անհրաժեշտ են մշակութային կենտրոններ, կրթական ծրագրերի ընդլայնում և անվտանգ միջավայր՝ խնդիրները բարձրաձայնելու համար։

 

Հեղինակ՝ Գոհար Սարգսյան




23 thoughts on “Ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանման խնդիրները Հայաստանում”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *