Երբ Խանեն սկսեց հասարակական գործունեությամբ զբաղվել, նա գրեթե միակ եզդի աղջիկն էր, ով փորձում էր ակտիվ դեր ունենալ հանրային կյանքում։ Այն ժամանակ շատերի համար եզդի աղջկա ճանապարհը դեռ սահմանափակվում էր ավանդական պատկերացումներով։ Սակայն Խանեն ընտրում է այլ ուղի՝ կրթության, հասարակական աշխատանքի և եզդի աղջիկների դերի մասին սխալ կարծրատիպերը իր օրինակով կոտրելու ճանապարհը։ Համայնքում նրա նախաձեռնությունը սկզբում տարօրինակ էր ընդունվում, բայց տարիների ընթացքում նրա և իր նման շատ գաղափարակից աղջիկների շնորհիվ համայնքում նկատվեց իրական և դրական փոփոխությունների ալիք, որի արդյունքում այլ աղջիկներ սկսեցին հավատալ՝ իրենց ձայնն էլ կարևոր է։ Այդ փոփոխության պատմություններից մեկը կապված է հենց Խանե Մահմուդյանի անվան հետ.
«Սկզբում ես միակ եզդի աղջիկն էի, ով մուտք գործեց հասարակական ակտիվ կյանք»,— հիշում է նա։

Խանեն ազգությամբ եզդի է։ Նա ավարտել է Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանիագիտության բաժին և ավարտել նաև նույն բաժնի մագիստրատուրան։ Դպրոցական տարիներին երազել է դառնալ հեռուստահաղորդավար։
Նրա խոսքով՝ հասարակական գործունեությամբ սկսել է զբաղվել դեռ ուսանողական տարիներից՝ սկսելով նախաձեռնություններ համայնքում կրթության կարևորության և վաղ ամուսնությունների խնդիրների վերացման ուղղությամբ։
«Մի քանի ծրագրեր իրականացնելուց հետո փորձեցինք ներգրավել նաև այլ եզդի աղջիկների՝ ուսանողների, որոնց թվում կային նաև արդեն բարձրագույն կրթությունն ավարտածներ»,— ասում է նա։

Խանեի խոսքով՝ այդ աշխատանքը ժամանակի ընթացքում սկսել է արդյունք տալ։
«Այսօր հստակ կարող եմ ասել, որ թեև դանդաղ, բայց ունեցել ենք մեծ արդյունք։ Սկզբում իմ օրինակով, հետո՝ մնացած աղջիկների»,— ասում է նա։
Սակայն իր գործունության ընթացքում բախվում է մեկ այլ խնդրի․ կային եզդի ուսանող աղջիկներ, որոնք ամաչում էին բարձրաձայնել իրենց ազգային պատկանելությունը։
«Կային աղջիկներ, որոնք չէին բարձրաձայնում, որ ազգությամբ եզդի են։ Ամաչում էին իրենց ազգային պատկանելիությունից»,— պատմում է Խանեն։
Խանեի աշխատանքը ուղղվեց նաև ինքնության մասին բաց խոսքի խրախուսմանը։
«Մենք փորձում էինք շատ խոսել այն մասին, որ ազգությամբ եզդի լինելը ոչ թե ամոթ է, այլ հպարտություն։ Պետք է քեզ ցույց տաս լավ օրինակով, ոչ թե թաքցնես։ Այդ խնդրի վրա նույնպես շատ երկար աշխատեցինք և կարողացանք մեր նախաձեռնություններում ներգրավվել այդ աղջիկներին»,— ասում է նա։

Խանեն ասում է, որ իր կրթական ճանապարհին երբևէ չի բախվել խնդիրների ազգային պատկանելիության պատճառով և դա կարևոր օրինակ է համարում նաև այն բանի, թե ինչպես է պետք ներկայացնել սեփական համայնքը։
«Կրթական միջավայրում որևէ խնդրի չեմ բախվել երբևէ ազգային պատկանելության հետ կապված և վստահորեն կարող եմ ասել, որ դա եզդիներին ճիշտ ներկայացնելու հետևանք է եղել»,— ասում է նա։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է կարևոր, որ համայնքի երիտասարդները ոչ թե թաքցնեն իրենց ինքնությունը, այլ ներկայանան արժանապատիվ կերպով։

Այսօր նա վստահ է, որ փոփոխությունն իր համայնքում նկատելի է, և կրթությունը դառնում է նորմալ երևույթ համայնքում։
«Այսօր եզդի աղջկա համար կրթությունն այլևս բացառություն չէ, այլ նորմալ երևույթ»,— ասում է նա։
Չնայած դրական փոփոխություններին, Խանեն չի հերքում, որ համայնքում դեռ առկա են վաղ ամուսնությունների խնդիրները, սակայն վստահ է՝ ժամանակի ընթացքում հաջողությունների հասած եզդի աղջիկների շնորհիվ փոխվելու է նաև եզդի աղջկա սոցիալական դերի ընկալումը։ Ավելի շատ աղջիկներ կընտրեն կրթությունը՝ դպրոցական նստարանից ամուսնության ճանապարհն ընտրելու փոխարեն։
«Թերևս բոլորիս է հայտնի, որ ամենաակնառու և վնասակար կարծրատիպերը վերը նշվածներն են։ Ու մեծ հավատ ունեմ, որ մի քանի տարի հետո այդ խնդիրները լիովին կվերանան, ինչն էլ չի բերելու դրանից բխող վնասակար հետևանքների։ Փոխարենը արդեն ունենք եզդի ֆեմինիստներ»,— ասում է նա։
Իր հասարակական գործունեության ընթացքում Խանեն և իր գործընկերները մեդիայի միջոցով բարձրաձայնել են ոչ միայն եզդի կանանց իրավունքների և վաղ ամուսնությունների խնդիրները, այլև կարևորել են ազգային ինքնության պահպանման հարցը։
«Հասարակական գործունեությանս ընթացքում մեդիայով բարձրաձայնել ենք ոչ միայն եզդի կանանց իրավունքների, խնդիրների և վաղ ամուսնությունների մասին, այլ նաև ավանդույթների, կրոնի և մայրենի լեզվի մասին»,— նշում է նա։
Եթե որևէ եզդի աղջիկ կարդա իր փոքրիկ պատմությունը, Խանեն ցանկանում է, որ առաջին հերթին զգա ինքնավստահություն և չվախենա բարձրաձայնել իր ցանկությունների և երազանքների մասին։
«Չվախենաք բարձրաձայնել ձեր ցանկությունների և խնդիրների մասին։
Կրթվել և միայն կրթվել, քանի որ կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար և կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն է, ինչն իսկապես պակասում է մեզ։ Սակայն խնդրում եմ, կրթվելուն զուգահեռ մի մոռացեք ձեր արմատների, ազգային արժեքների, ավանդույթների մասին, մի մոռացեք, որ եզդի եք, մի ամաչեք, որ եզդի եք, մի մոռացեք ձեր մայրենի լեզուն, խոսեք ձեր երեխաների հետ մայրենի լեզվով, ինչը ես նույնպես խստորեն պահպանում եմ, և այդ հարցում նույնպես հպարտորեն կարող եմ ասել, որ հասնում եմ հաջողության», – եզդի աղջիկներին իր ուղերձն է հղում Խանեն։
Հեղինակ՝ Շուշանե Սաքունց
Այս նյութը ստեղծվել է «Դիմակայության ձայներ». փոքրամասնությունների կանայք՝ հանուն խաղաղության և ներառականության» ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության և կառավարության ֆինանսական աջակցություն՝ «Պատերազմի խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները հաստատված են և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների հետ։

? You have 1 MESSAGE(S) №Z3344 CONTINUE ⭐➤ graph.org/BITCOIN-MINING-08-19?hs=235b5d3da053142a7f771ebcfeb36490& ?
Love how easy it is to navigate the site on my mobile. Everything loads instantly. Check out phjiliphplay for a seamless experience.
Hey! Just checked out 222winbet. Seems like a decent spot for some casual fun. Good vibes all around! Check them out here: 222winbet