Մնջախաղի վարպետ՝ Արսեն Փոլադովը

Մնջախաղի վարպետ՝ Արսեն Փոլադովը


Posted in Լուրեր, Մշակույթ

Նա այնքան սիրեց մնջախաղը, որ իր դստերը անվանեց «Բեզար» (եզդերենից թարգմանաբար՝ լուռ, )։ Նա քիչ էր խոսում, հիմնականում լուռ էր, սակայն այնքա՜ն ասելիք կար իր լռության մեջ։

Վարպետ, հենց այսպես էին անվանում մնջախաղի մեծ ուսուցիչ Արսեն Փոլադովին։ Նա իրավամբ նոր բարձունքի հասցրեց մնջախաղի թատերական արվեստը։ Նա սիրված և հայտնի թատերական գործիչ էր ինչպես Խորհրդային Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Քչերը գիտեն, որ Արսեն Փոլադովը, ում ընտանիքը Օսմանյան կայսրությունում  հայերի և ոչ մուսուլման ժողովուրդների կոտորածների ժամանակ անցել էր Հայաստան, ազգությամբ եզդի է։

Մեծ վարպետը ծնվել է 1942 թվականին, Երևանում։ Փոլադովը մինչև մնջախաղով տարվելը Սանկտ Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում սովորեց, սակայն այն կիսատ թողնելով գնաց Մոսկվա, որտեղ ռեժիսուրա սովորեց։ Այստեղ ուսումն ավարտելուց հետո գնաց Փարիզ, որտեղ շուրջ երկու տարի մնջաղաղի մեծ վարպետ Մարսել Մորսոյի մոտ մնջախաղի վարպետություն ուսանեց։

Երևանում գործող մնջախաղի թատերական խմբի ղեկավար Հենրիկ Պողոսյանի հրավերով Արսեն Փոլադովը վերադարձավ Երևան, սկսեց բեմադրություններով հանդես գալ և շատ չանցած նա արդեն սկսեց ղեկավարել մնջախաղի թատերախումբը։

Իր ղեկավարման  ընթացքում էլ Երևանի մնջախաղի թատրոնը պետական թատրոնի կարգավիճակ ստացավ։ Այդ տարիներին մնջախաղի թատրոնի ծաղկունքի տարիներն էին։ Հենց Փոլադովի մեծ ու նվիրված աշխատանքի շնորհիվ մնջախաղի թատրոնը ստանում է պետական կարգավիճակ։

Հարյուրավոր աշակերտներ ուսանեցին վարպետի մոտ։ Իր ղեկավարած թատերախմբով հյուրախաղերով հանդես եկավ ԽՍՀՄ ամենատարբեր քաղաքներում։

Բավականին  երկար ժամանակ Մոսկվայի պետական թատրոնում գլխավոր ռեժիսորն էր։  1995թ․ից մինչև իր մահը Յարոսլավլի պետական համալսարանում մնջախաղի պատմություն էր դասախոսում։ Մեծ վարպետը մահացավ 2004թ․-ին։ Աճյունը ամփոփված է Յարոսլավլի եզդիական գերեզմանոցում։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram