Եզդիաբնակ Ֆերիկ համայնքի ունեզրկման գործով տեղի կունենա առաջին դատական նիստը

Եզդիաբնակ Ֆերիկ համայնքի ունեզրկման գործով տեղի կունենա առաջին դատական նիստը


Posted in Լուրեր, Մարդու իրավունքներ

Ֆերիկ եզդիաբնակ համայնքի արոտավայրերի հարցով գործընթացը նոր զարգացումներ է ստանում։ Խիրատ Մեդիային հայտնի դարձավ, որ համայնքի բնակիչների  հայցը, որով վերջիններս պահանջում են առոչինչ ճանաճել համայնքի ավագանու կողմից դեռևս 2005թ․  կայացված համայնքային հողերի օտարման մասին որոշումը, վարչական դատարանի կողմից ընդունվել է վարույթ։Առաջին դատական նիստը նշանակված է սույն թվականի ապրիլի 2-ին։

Պահանջի հիմքում դրվում է այն հանգամանքը, որ իրավական տեսանկյունից, մասնավորապես՝ ըստ  Հողային օրենսգրքի տրամաբանության համայնքային նշանակության արոտավայրերը կարող են միայն տրվել վարձակալության, այլ ոչ թե օտարվել.

Այս գործով զբաղվող փաստաբան Արթուր Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ էության համայնքապետարանում հիմա անգամ չի գտնվում այդ որոշման բնօրինակը, իսկ որոշման օրինականությունն ու անհրաժեշտությունը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա։

Նշենք, որ Ֆերիկ համայնքի մոտ 200 հեկտար արոտավայր 2005թ․  աճուրդով վաճառվել է պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդիներին` այդ տարիներին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին և Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանին:

Ըստ փաստաբանի՝ կան անհրաժեշտ իրավական հիմքեր, որպեսզի դատարանը բավարարի համայնքի բնակիչների պահանջը, սակայն կա խնդիր կապված այդ արոտավայրերի՝ երրորդ անձին օտարելու հետ․ դեռևս 2018թ․-ին , հեղափոխությունից առաջ Գրիգորյանները վաճառել են այդ հողերը լիբանանահայ գործարարի։ Այս խնդրի առնչությամբ կան նաև հարուցված քրեկան գործեր պաշտոնեական կեղծիքի և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով, որոնց քննությունն ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը գանգատ էր ուղարկել ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով  հատուկ զեկուցողին։ Նշյալ ունեզրկման գործով համայնքի բնակիչների իրավական շահերի պաշտպանությունն իրականացվում է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան-ի համագործակցության արդյունքում՝ ռազամավարական դատավարությունների ծրագրի շրջանակներում ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram