Հայրենական մեծ պատերազմին մասնակցած եզդի մտավորականները

Հայրենական մեծ պատերազմին մասնակցած եզդի մտավորականները


Posted in Լուրեր

Հայրենական մեծ պատերազմը ծավալվել է 1941-1945 թվականներին։ Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) առանց նախապես հայտարարելու հարձակվել են Խորհրդային Միության վրա։ Հայրենական մեծ պատերազմ եզրույթը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։
Այս պատերազմը 1945 թվականի մայիսի 9–ին ավարտվել է Խորհրդային Միության հաղթանակով։ Աշխարհը և հատկապես հետխորհրդային երկրներն այսօր տոնում են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 78 ամյակը։ Այն ևս մեկ առիթ է հիշելու մեր հերոսներին, որոնց շնորհիվ կերտվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը։ 1941-1945 թթ. հայրենականին մասնակցած եզդի զինվորականների ներդրումն էական նշանակություն ունեցավ Կարմիր բանակի հաղթանակներում:
Եզդի ռազմիկները մասնակցել են Մոսկվայի պաշտպանությանը, Լենինգրադի, Ստալինգրադի, Կովկասի, Ղրիմի, Վարշավայի, Բուդապեշտի, Վիեննայի ազատագրմանը, Բեռլինի համար մղվող ճակատամարտին։ Հետագայում այս քաջարի կռվողներից շատերը դարձան հայտնի մտավորականներ և նրանցով սկսեցինք հպարտանալ բոլորս։ Նրանց թվում էր Մուրադով Խաչիկ Շաբաբովիչը (Կաչախե Մուրադ), ով պատերազմից հետո դարձել է հայտնի բանաստեղծ։ Մուրադովի ցուցաբերած քաջությունն ու խիզախությունը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, այդ թվում՝ «Ռազմական վաստակի համար», «Կենիգսբերգի գրավման համար», «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար»։
Հուլիսի 22-ին Լիտվայի ազատագրման մարտերում Կավարսկաս քաղաքի մոտ, երբ երկու վաշտերի հրամանատարները զոհվեցին, եզդի ռազմիկ Օսմանով Սաբրի Մատոևիչը ստանձնեց 2-րդ և 3-րդ վաշտերի հրամանատարությունը և համարձակորեն ղեկավարելով նրանք հարձակվեցին թշնամու վրա: Հակառակորդը անցավ հակահարձակման, սակայն վաշտերը Օսմանովի գլխավորությամբ հմտորեն հետ մղեցին թշնամու գրոհը։ Այս մարտում ոչնչացվել են 8 ծանր և 5 թեթև գնդացիրներ, ավելի քան 60 նացիստներ և գերեվարվել հակառակորդի 4 ծանր և 4 թեթև գնդացիր։
Աջոև Ջալիլ Շաքրոևիչի կյանքը, ինչպես նաև շատ եզդիների ճակատագիրը հեշտ չէր։ 1915-1918 թվականներին թուրքական ուժերի և բազմաթիվ քրդական ցեղերի կողմից եզդիների ցեղասպանության արդյունքում նրա ծնողները ստիպված են եղել լքել իրենց հայրենի հողերը Թուրքիայում և փախչել են Թբիլիսի։ Այդ շրջանում շատ եզդիներ մահացան սովից և ցրտից։ Սակայն Աջոևների ընտանիքը կարողացավ դիմակայել այդ տարիների բոլոր դժվարություններին։ 1929 թվականին նրա ընտանիքը մշտապես տեղափոխվեց ՀԽՍՀ Ապարանի շրջան։ Եվ երբ 1931-ին զորակոչվեց Կարմիր բանակ, նա վճռականորեն որոշեց մնալ բանակում և նվիրվել նորահայտ Հայրենիքի պաշտպանությանը, որը պաշտպանում և ապաստան էր տալիս իր ժողովրդին։
Ջալիլ Շաքրոևիչ Աջոևը խորհրդային բանակում ծառայել է ավելի քան 24 տարի։ Շարքային զինվորից նա հասել է փոխգնդապետի կոչման։ Նրա կուրծքը զարդարված էր հինգ շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Յուրաքանչյուր մրցանակ կապված էր նրա ռազմական սխրագործությունների հետ:
Ամոև Ռեզո Ռոմանովիչը (Ռզաե Ամո Մանդեկի) ծնվել է 1905 թվականին Օսմանյան կայսրության Վանի վիլայեթում։ Ռզաե Ամոն 9 տարեկանում իր ավագ եղբայրների՝ Ադոյի, Ռաշոյի և Խազալ ու Նանե քույրերի հետ ցեղասպանությունից փախել է Ռուսական կայսրություն։ Նախ նրանք հաստատվեցին Հայաստանում։ Ռզաե Ամոն մեծահասակ դառնալուց հետո տեղափոխվեց Թբիլիսի և աշխատանքի ընդունվեց։ 1932 թվականին ամուսնացել է Թեջոևա Բալգիզարի հետ։ 1941 թվականին, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Ռզաե Ամոն գնաց ռազմաճակատ և կռվեց Կերչի ուղղությամբ։ Ռազմական գործողություններին քաջարի մասնակցության համար շուտով նշանակվել է ՀՕՊ կայանքի հրամանատար։ 1942 թվականին ծանր վիրավորվել է ազդրից և ուղարկվել Կիրովոբադ (Գյանջա) քաղաքի զինվորական հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո նա ճանաչվել է ոչ պիտանի առաջին գծի գործողություններին մասնակցելու համար և ուղարկել թիկունք՝ Թբիլիսի քաղաքում ռազմական գործարանում աշխատելու։ Լավ աշխատանքի համար սկզբում ընտրվել է թաղային խորհրդի պատգամավոր, ապա 1965-1972 թթ. – Քաղաքային խորհրդի անդամ։ Ռզաե Ամոն արժանացել է բազմաթիվ մեդալների ու շքանշանների։ Հայրենական մեծ պատերազմի դաշտում ամենահայտնի եզդին, իհարկե, Սիաբանդով Սամանդ Ալիևիչն էր։ Նա ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 20-ին Կարսի մարզի Ասանջան (Խասանջանո) գյուղում։ Ավարտել է Լենինգրադի խորհրդային արևելագիտության ինստիտուտը։ Եղել է ՀԿԿ Ալավերդու շրջկոմի առաջին քարտուղար։ Կարմիր բանակում եղել է 1941 թվականի հունիսից: Եղել է հրաձգային դիվիզիայի քաղբաժնի հրահանգիչ, հրաձգային գնդի զինվորական կոմիսար, հրաձգային գնդի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, դիվիզիայի քաղաքական բաժնի պետ։ Կռվել է Արևմտյան, Բրյանսկի, բելոռուսական, 1-ին, 2-րդ և 3-րդ բելառուսական ճակատներում։ Երկու անգամ վիրավորվել է թեժ մարտերում։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի մարտի 24-ի հրամանագրով նացիստական զավթիչների դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և միաժամանակ ցուցաբերած արիության ու հերոսության համար, գնդապետ Սիաբանդով Սամանդ Ալիևիչին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։

Լենա Միրզոյան




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Follow by Email
YouTube
YouTube
Instagram